ԱԻՊԾ-ը 693 հայ զինվորի մարմին է հայտնաբերել. Ադրբեջանը դիակների փոխանակման գործընթացը ձգձգում է
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում 693 հայ զինծառայողի մարմին է հայտնաբերել։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
«Արդեն այդ աշխատանքներին միացել են ոստիկանական և Պաշտպանության բանակի ջոկատները: Դիակների փոխանակում պարբերաբար իրականացվում է: Ուղղակի ադրբեջանական կողմի հետ դժվար է բանակցելը, փոխանակման գործընթացը ձգձգվում է: Ընդհանրապես ադրբեջանական կողմը այս ընթացքում շատ է խոչընդոտում աշխատանքներին, համաձայնության չեն գալիս կամ մի օր համաձայնում են, իսկ հաջորդ օրը անհասկանալի պատճառներով հրաժարվում համաձայնությունից»,- ասել է Թադևոսյանը և հավելել, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հարցին՝ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվե՞լ են պատսպարված քաղաքացիներ և զինծառայողներ, Թադևոսյանը պատասխանել է, որ սկզբնական շրջանում 1 դեպք եղել է Շուշիի հատվածում, դրանից հետո նման դեպք չի արձանագրվել:
Ըստ ԱԻՊԾ-ի ներկայացուցչի՝ Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում փրկարարները դեռ որոնողական աշխատանքներ չեն իրականացնում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ գերիների փոխանակման մասով նույնպես բանակցություններ ընթանում են ամենաբարձր մակարդակով, որին ներգրավված են ռուս բարձրաստիճան սպաներ, բայց դեռ որևէ արդյունք չկա:
Անդրադառնալով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատաքներին` Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը նշեց, որ նոյեմբերի 13-ից ԿԽՄԿ որպես հումանիտար կազմակերպություն և չեզոք միջնորդ մասնակցել է դիակների դուրսբերման և վերադարձման գործընթացին: «Մենք օգնում ենք կողմերին, որպեսզի նրանք կարողանան ավելի անվտանգ պայմաններում կազմակերպել այդ գործընթացը: Գրեթե ամենօրյա ռեժիմով մասնակցում ենք բանակցություններին, ամեն օր, երբ տեղի են ունենում այդ գործընթացները, մասնակցում ենք որպես միջնորդ: Մեր բոլոր բանակցությունները կողմերի հետ նման հարցերի շուրջ կրում են գաղտնի բնույթ և հիմա ասել, թե ինչի շուրջ ենք բանակցում, չենք կարող»,- ասել է Մուսայելյանը:

