Ռուս փրկարարները ժամանել են Ստեփանակերտ՝ Արցախի բնակչությանն օգնություն տրամադրելու համար

Ռուսաստանի ԱԻՆ-ի օպերատիվ խումբը երկուշաբթի ժամանել է Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն աջակցություն տրամադրելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Խմբի կազմում ընդգրկվել են 30 փրկարարներ՝ գերատեսչության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, հատուկ ռիսկային փրկարարական գործողություններ իրականացնող «Լիդեր» կենտրոնի մասնագետներ, կապի ապահովման գծով և այլ մասնագետներ:

Տեղում կուսումնասիրվի խմբի համալրման հարցը՝ 150 փրկարարների և աէրոմոբիլային ռազմական հիվանդանոցի հաշվին, որոնք Մոսկվայում պատրաստ սպասում են թռիչքին:

Նշենք, որ երեկ երեկոյան ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որը տեղափոխում էր փրկարարների խմբին և հատուկ տեխնիկա, ժամանել էր Երևան: Ինչպես հայտնել էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը, փրկարարները տեղում կգնահատեն իրավիճակը և կհամակարգեն քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ օգնություն տրամադրելու հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։