Հայաստանի վարչապետը Թուրքիային մեղադրում է անկայունություն «արտահանելու» մեջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիային մեղադրել է անկայունություն «արտահանելու» մեջ:  Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Երեկ մեր արտգործնախարարն ասել է, որ Թուրքիան արտահանում է անկայունություն: Այո՛, Թուրքիան անկայունություն է արտահանում  Մերձավոր Արևելք, Միջերկրական ծով և Հարավային Կովկաս»,-ռուս լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ինքը գործընկերների հետ զրույցներում նրանց ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի պահվածքին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։