«Հին Երևան» ծրագիրը համակարգող աշխատանքային խումբը կղեկավարի Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երեւան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝
- Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագրի նախագծային և շինարարական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»,-նշված է որոշման մեջ, որը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն է:
Խմբի կազմում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը, Երևանի քաղաքի գլխավոր ճարտարապետը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետը, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենը և «Հին Երևան» նախագծի հեղինակը:

