Իսրայելը փորձել է «գտնել» իրանական ԻՀՊԿ-ի բրիգադի գեներալ Էսմոիլ Քաանիին
Իսրայելն իսկապես պատերազմ է ուզում: Այսօր այլևս հնարավոր չէ այլ կերպ մեկնաբանել այն փաստը, որ սեպտեմբերի 2-3-ը իսրայելական ռազմական ինքնաթիռները վերսկսել են արշավանքներն ու հրթիռային հարձակումները Սիրիայի տարածքում: Ավելին` երկու անգամ անընդմեջ: Նախ՝ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող ռազմական թիրախներին: Իսրայելի Պաշտպանության ուժերը (IDF, ՑԱԽԱԼ) հրաժարվել են մեկնաբանել դրվագը: Դամասկոսում հրթիռակոծության ընթացքում երկու սիրիացի զինվոր է զոհվել, յոթը վիրավորվել են: Իսկ սեպտեմբերի 3-ի գիշերը Իսրայելը հարվածել է Սիրիայում գտնվող Տիֆոր ռազմաբազային, սակայն սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են արձակված հրթիռների մեծ մասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցներից ստացված տեղեկատվությունը: «Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղել հարձակումը՝ խոցելով թիրախների մեծ մասը: Նյութական վնաս է հասցվել»,- նշված է Դամասկոսի հաղորդագրության մեջ:
Տիֆոր բազան «Աթ-Թիյաս» (T-4) ավիաբազան է` Հոմսի կենտրոնական նահանգում: Իսրայելական ռազմական ինքնաթիռները հրթիռներ էին արձակում հարավից: Ամենայն հավանականությամբ, Գոլանի բարձունքների օկուպացված հատվածի և սիրիական բանակի ու աշխարհազորայինների դիրքերի միջև չեզոք գոտու օդային տարածքից, այս չեզոք գոտին ենթադրաբար «վերահսկում են» ՄԱԿ-ի խաղաղապահները, բայց իրականում այդ կեղծ-խաղաղապահները վաղուց փախել են, դեռ այն ժամանակ, երբ Սիրիայի հարավում գործում էին «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչները: Այժմ Հոմս նահանգի տարածքի 99% -ը վերահսկվում է սիրիական բանակի կողմից, և հետևաբար իսրայելացիները վախենում են թռչել զուտ սիրիական տարածքի վրայով. չէ՞ որ 2018-ին սիրիացիները երեք անգամ խոցել են իսրայելական ինքնաթիռները:
Ըստ ամենայնի, «Աթ-Թիյաս» հենակետի ուղղությամբ հրթիռային հարձակման փորձը անհաջող էր Իսրայելի համար, և Դամասկոսի հարավային արվարձանների դեպքում նույնպես: Իզուր չէ, որ ՑԱԽԱԼ հրամանատարությունը լռում է և ոչ մի բան չի մեկնաբանում: Սիրիայում զինվորականներն ու լրատվամիջոցները ենթադրում են, որ հրեաները փնտրում էին իրանական ռազմական խորհրդատուների տեղակայման վայրեր, ինչպես նաև փորձում էին գտնել և ոչնչացնել հակաօդային պաշտպանության օբյեկտներ, որոնք ենթադրաբար տեղակայված էին «Աթ-Թիյաս»-ում, այդ թվում՝ նաև դրանք, որոնք ըստ 2020 թ. հուլիսի 8-ին Դամասկոսում ստորագրված իրանա-սիրիական համաձայնագրի, կարող էին տեղակայվել այս բազայում: Հիշեցնենք, որ 2011 թվականից սկսած՝ Իսրայելը հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիային, որոնց մեծ մասն ուղղված էր Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հզբոլլահ» կուսակցության զինված կազմավորումների դեմ: Վերջերս իսրայելական ավիացիան ավելացրել է իր հարվածները Սիրիայի տարածքի ներսում: Փորձագետները դա պայմանավորում են հուլիսին Իրանի ու Սիրիայի կողմից ստորագրված համաձայնագրով, որը նախատեսում է սիրիական տարածքում իրանական զենիթահրթիռային համակարգերի տեղակայում: Թեհրանը պարտավորվել է պաշտպանել արաբական դաշնակցին «առաջատար հակաօդային պաշտպանության համակարգերով», ինչպիսիք են «Բավար-373»-ը և «Խորդադ-3»-ը: Ըստ ռազմական աղբյուրների՝ այդպիսով Իրանն ու Սիրիան Իսրայելի ՌՕՈՒ կողմից իրանամետ ուժերի դեմ անդադար հարվածների ֆոնին «որոշել են փոխել պատերազմի կանոնները արաբական հանրապետության օդային տարածքում»: Այնուամենայնիվ, դատելով շարունակվող հրթիռային հարվածներից, դեռ հաջողություն չի գրանցվել: Չնայած Իսրայելը ևս դեռ անհաջող է: Սիրիայից հաղորդվում է, որ իրանական միջոցների և հակաօդային պաշտպանության մասնագետների օգնությամբ էր, որ ավիաբազայի գնդակոծությունն անարդյունավետ էր:
Այնուամենայնիվ, կա նաև մեկ այլ ենթադրություն, թե ինչու են սիոնիստները հերթական անգամ ռիսկի դիմել: Ըստ ամենայնի, Իսրայելը «փնտրում էր», թե Սիրիայում կոնկրետ որտեղ էր օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը գտնվում Իրանի ԻՀՊԿ «Կոդս» հատուկ նշանակության ստորաբաժանման նոր հրամանատար բրիգադի գեներալ Էսմոիլ Քաանին: Այս գեներալը, ինչպես և «Կոդս»-ի նախորդ հրամանատար, նահատակ գեներալ-լեյտենանտ Քասեմ Սոլեյմանին գործնականորեն ցուցադրաբար և ակտիվորեն այցելում էին ինչպես Լիբանան, այնպես էլ Սիրիա: Եվ ահա, բրիգադի գեներալ Քաանին հայտնվել է նոր տեսանյութում՝ Դամասկոսի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով նրա մահվան լուրերից հետո: Ինչպես հաղորդում է իրանական Mehr News գործակալությունը՝ սեպտեմբերի 1-ին Քաանին այցելել է Հուսեյն Բուրջաաֆարիի տուն, որը Սուլեյմանիի մտերիմ ընկերն էր: «Կոդս»-ի հրամանատարը Բուրջաաֆարիի տուն կատարած այցի ժամանակ ասել է. «Մենք աղոթում ենք Ամենակարողին, որ ողորմած լինի նահատակ Քասեմ Սոլեյմանիի հոգուն և առաջնորդի մեզ գնալ նրա հետքերով»: Քաանիի մասնակցությամբ տեսանյութը հրապարակվել է իրանական լրատվամիջոցների կողմից այն բանից հետո, երբ մերձավորարևելյան որոշ հրապարակումներ ենթադրել են, որ նա, հնարավոր է, Դամասկոսի մերձակայքում իսրայելական օդուժի հարձակման զոհ է դարձել: Իհարկե, այն, ինչ այժմ տեղի է ունենում ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբանանում, իսրայելական ագրեսիայի հերթական գործողություններն են այս արաբական երկրների և Իրանի դեմ, քանի որ Սիրիան և լիբանանյան շիաները Թեհրանի դաշնակիցներն են: Բայց Իսրայելը նման քայլերով միայն մոտեցնում է իր անփառունակ վախճանը:
Սերգեյ Շաքարյանց

