Հունաստանը կոչ է արել Թուրքիային՝ վերանայել Լոզանի պայմանագիրը
Հունաստանը կոչով դիմել է Թուրքիային՝ 2023 թվականի հուլիսի 24-ին ընդառաջ Լոզանի պայմանագիրը վերանայել։ Այս մասին գրել են թուրքական լրատվամիջոցները:
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմանները մեծամասամբ որոշվել են հենց Լոզանի պայմանագրով, որը ստորագրվել է 1923 թվականի հուլիսի 24-ին և որի 100-ամյակը լրանալու է 2023 թվականի հուլիսի 24-ին։
Չնայած Սևրից հետո Լոզանը համարվում է թուրքական դիվանագիտության հաղթանակը, սակայն Թուրքիայի ներկայիս իշխանությունների հավակնությունների տեսանկյունից Լոզանի պայմանագրով Թուրքիան մի շարք «տարածքային կորուստներ» է ունեցել։
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի առաջ քաշած «Ազգային ուխտի» համաձայն բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ Կիպրոսը և Էգեյան ծովում գտնվող մի շարք կղզիներ պետք է ներառվեին Թուրքիայի սահմանների մեջ։ Սակայն Լոզանի պայմանագրով այդ տարածքների նկատմամբ Թուրքիայի նկրտումները չարդարացան։
«Ազգային ուխտի» նախանշած սահմանները իրականություն դարձնելը Թուրքիայի ներկայիս իշխանությունների երբեմն քողարկված կերպով իրականացվող քաղաքականության մաս է կազմում։
Հունաստանը մշտապես քննադատում է Թուրքիայի վարած այս քաղաքականությունը և մեղադրում իր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։
Այս համատեքստում թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Հունաստանը կոչ է անում Թուրքիային՝ վերանայել այն պայմանները, որոնք ամրագրված են եղել Լոզանի պայմանագրում։

