Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվեց

Սնանկության դատարանի երկու դատավորի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել:

Tert.am-ի տեղեկացմամբ, դատավորներ Արա Կուբանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դեռ քննում է, սակայն դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ արդեն խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանին և Գևորգ Նարինյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Թե ինչ գործի շրջանակներում է դատավորներին մեղադրանք առաջադրվել դեռ հայտնի չէ: