«Ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն» ընթացք է տրվում
Հունիսի 11-ին 168․am կայքում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած Արցախի բնակչին Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի վրա որպես մեկուսացման հասցե նշվել է «Ադրբեջան, Շուշի քաղաք»։ Իսկ որոշ ժամանակ անց առողջապահության նախարարի խոսնակի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց հետևյալը՝ ««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ: Խնդրում եմ զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»:
Նախևառաջ՝ այն, որ նման «տեխնիկական վրիպակ» տեղի ունեցավ Փաշինյանի իշխանության օրոք՝ միանգամայն օրինաչափ է։
Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի խոսնակի վերը մեջբերված բացատրությանը, թե տեղի ունեցածն ընդամենը տեխնիկական վրիպակ է, ապա այն հակասում է ձևական տրամաբանության կանոններին։ Փաստ է, որ ինչ-որ մեկը տպել է այդ բառակապակցությունը։ Հիմա ինչպե՞ս կարող է մարդը գիտակցելով, որ վրիպում է թույլ տալիս, շարունակել «վրիպելով» տպել ու չուղղել իր այդ վրիպումը։ Նշանակում է, նա, ով տպել է «Ադրբեջան, Շուշի քաղաք» բառակապակցությունը՝ այդ արել է միանգամայն գիտակցված։ Եվ հետո՝ չի կարող գտնվել այնպիսի հայ մարդ, ով Շուշին՝ Արցախյան ազատամարտի հաղթանակի խորհրդանիշը, պատահաբար, «տեխնիկապես վրիպելով» տեղորոշի Ադրբեջանում։ Դա նույնն է, թե մարդ «տեխնիկապես վրիպելով» իր իրական ազգանվան փոխարեն այլ ազգանուն տպի։
Իսկ իրականում կատարվածը ո՛չ պատահականություն է, ո՛չ անփութություն, և ո՛չ էլ տեխնիկական վրիպակ։ Այժմ, երբ ըստ լրահոսում առկա, և ըստ էության չհերքված տեղեկությունների՝ բանակցային գործընթացում քննարկվում է «համատեղ բնակության գոտիների» հարցը, և երբ այդ համատեքստում ադրբեջանական կողմը առաջ է մղում Շուշին իբրև այդպիսին դարձնելը, նման վրիպակը բնավ պատահական չէ։ «Վրիպելու» նպատակը հստակ է՝ պաշտոնական գրագրություն ներմուծելով «Ադրբեջան, Շուշի քաղաք» բառակապակցությունը, Շուշիի Ադրբեջանում լինելը աստիճանաբար ընկալելի դարձնել հայաստանյան հանրությանը, միաժամանակ ստուգել վերջինիս վերաբերյալ հանրային արձագանքը։ Սա մեր հանրությանը «խաղաղության պատրաստելու», իսկ ավելի հստակ՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման հայավնաս սցենարին աստիճանաբար, մանիպուլյատիվ հնարքներով պատրաստելուն ուղղված քայլ է։ Հատկանշական է նաև այն, որ այդ քայլն արվեց Արսեն Թորոսյանի ղեկավարած համակարգի կառույցներից մեկում։
Շուշին Արցախ է՝ Հայաստան հայրենիք և՛ վերջ։ Իսկ կատարվածը պետք է զգոն դարձնի բոլորիս։ Հայրենիք կորցնելու վտանգի առջև ենք։
Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ

