Նոր կորոնավիրուսով Ռոբերտ Քոչարյանի վարակվելու դեպքում ոչ զարմացեք, ոչ էլ զայրացեք
«Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների` նոր կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածներ կան» վերտառությամբ երեկվա մեր վերլուծականում արդեն ներկայացրել ենք այն հիմքերը, որոնք նոր կորոնավիրուսով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների վարակված լինելու վերաբերյալ կասկածներ են առաջացրել: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ նպատակ (նույնիսկ` նպատակներ) կամ հետևանքներ կարող են ունենալ Փաշինյանի տեսաուղերձը, այդ ընթացքում նրա ժպիտներն ու ծիծաղը, ներկայացրել էինք նաև այդ նպատակներից մեկը:
Եթե Փաշինյանը ստում է իր և իր ընտանիքի անդամների` SARS-CoV-2-ով վարակված լինելու վերաբերյալ, ապա նրա սուտը, վերոնշյալ վերլուծականում ներկայացվածից բացի, զուգահեռաբար կարող է ունենալ նաև հետևյալ նպատակները:
Եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարակվի նոր կորոնավիրուսով, ոչ զարմացեք, ոչ էլ զայրացեք
Փաշինյանի` իր և իր ընտանիքի անդամների վարակված լինելու մասին հայտարարությունից հետո, եթե Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը քրեակատարողական հիմնարկում առաջիկայում վարակվի (կամ վարակեն) նոր կորոնավիրուսով, և եթե նրա վարակվելը նույնիսկ ամենածայրահեղ հետևանքն ունենա, ապա դա մեր հասարակության անդամների մի ահագին մասի կողմից միանգամայն բնական, անխուսափելի կհամարվի:
Այդ մարդիկ պարզապես կմտածեն, որ եթե ՀՀ վարչապետը, լինելով ազատության մեջ, ավելին` հանդիսանալով մեր երկրում ամենապաշտպանված անձը, վարակվել է նոր կորոնավիրուսով, չի կարողացել խուսափել վարակվելուց, դեո իր ընտանիքի անդամներին էլ վարակել է, ապա Ռոբերտ Քոչարյանը լինելով անազատության մեջ, Փաշինյանի համեմատ խիստ սահմանափակ իրավունքներ ու հնարավորություններ ունենալով, պարզ է, որ շատ ավելի մեծ հավանականությամբ կարող էր վարակվել SARS-CoV-2-ով, և եթե նույնիսկ դրա հետևանքով մահանա, ապա կատարվածում Փաշինյանին կամ որևէ մեկին չպետք է մեղադրել, որևէ մեկը Փաշինյանին, դատավորին, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը մեղադրելու իրավունք չունի, դա Քոչարյանի բախտն էր:
Բա փիա՞ռը, գիտե՞ք ինչ փիառ եղավ…
Իր և իր ընտանիքի վարակված լինելու մասին ստելու պարագայում Փաշինյանը, հնարավոր է, ունի նաև փիառի նպատակ: Հասկանալի է, որ թե մեր, թե այլ երկրներում շատ քչերն իրենց թույլ կտան այդպես վարվել, բայց…
PR-ը հապավումն է անգլերեն «public relations» բառերի, այն հասարակության մեջ որևէ անձի կամ կազմակերպության վերաբերյալ դրական վերաբերմունքի ձևավորումն է: Իր և իր ընտանիքի վարակված լինելու մասին հայտնելուց հետո Փաշինյանի անունը վերստին հայտնվել է աշխարհի մի շարք հայտնի, հեղինակավոր զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում, տարբեր երկրների ղեկավար շրջանակների խոսակցություններում, այդպես մեկ էլ «թավշյա հեղափոխություն» կոչվածի շրջանում է եղել: Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե Փաշինյանն այս ամենից իրեն որքան շոյված էր զգում այն ժամանակ, և հիմա այդ շրջանի կամ այդ վիճակի հանդեպ կարոտախտը նրան հավանաբար մղել է հիշյալ հնարքին դիմելով, նորից արժանանալ օտարերկրյա ԶԼՄ-ների և քաղաքական շրջանակների ուշադրությանը…
Եթե Փաշինյանը վարակված է, Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանն ինչո՞ւ էին առանց ձեռնոցների
Լավ, այս ամենը մի պահ մի կողմ թողնենք, համարենք, թե սխալվում ենք իր և իր ընտանիքի անդամների վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության սուտ լինելու և այդ ստով վերևում, ինչպես նաև այս թեմայով մեր նախորդ հրապարակումներում ներկայացված նպատակները հետապնդելու հարցում: Համարենք, թե ուղիղ եթերում հայտնի տեսաուղերձի ընթացքում Փաշինյանի ժպիտներն ու ծիծաղը ոչ թե նրա ստելու, այլ հոգեկան անհավասարակշիռ վիճակի, երկրում ստեղծված իրավիճակին և իր պաշտոնին անհամապատասխան վարք դրսևորելու, ծայրահեղ անլրջության արտահայտություններ են: Ավելի ճիշտ, թող Փաշինյանն ինքը բացատրի, թե ինչու է իր այդ տեսաուղերձի ընթացքում ժպտացել ու ծիծաղել, խիստ անլուրջ ու վտանգավոր վարք դրսևորել, արել հայտարարություն, որը կարող է բազմաթիվ մարդկանց առողջության ու կյանքի համար վտանգավոր հետևանքներ ունենալ: Բայց այդ դեպքում թող մի բան էլ բացատրի, պատասխանի հետևյալ հարցին:
Երբ հունիսի 1-ի առավոտյան իր տեսաուղերձի ընթացքում սիրելի հայրենակիցներին դիմեց խնդրանք-կոչով («Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ` անպայման պահեք հակահամաճարակային կանոնները…»), ուղիղ եթերի վերջում էլ կրկնեց իր այդ խնդրանք-կոչը, նույն օրը երեկոյան պարետատան նիստից հետո հանդես գալով ճեպազրույցով, դարձյալ բոլորիս կոչ արեց հակահամաճարակային կանոնները պահել, ապա ինչո՞ւ հանդուրժեց, թույլ տվեց, որ հենց այդ նույն ճեպազրույցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, ի տարբերություն իրեն, հանդես գան առանց ձեռնոցների, որոնք, ի դեպ, թուղթը, որից կարդում էին, դնելով փոքրիկ սեղանիկի կամ հենակի վրա, իրենց ձեռքերը դրեցին այնտեղ, որտեղ մինչ այդ դրել էր ինքը` SARS-CoV-2-ով վարակվածը:
Ի՞նչ պետք է մտածեն այս ամենը տեսած հարյուր հազարավոր մարդիկ, բացի նրանից, որ`
1.Փաշինյանը ստում է, թե ինքը և իր ընտանիքի անդամները վարակված են նոր կորոնավիրուսով:
2.Եթե Փաշինյանն իսկապես վարակված է, ապա, ուրեմն, այդ վարակն այնքան էլ վտանգավոր չէ, այլապես Թորոսյանը լինելով առողջապահության նախարար, Ավինյանն էլ փոխվարչապետ ու պարետ, չէին համարձակվի առանց ձեռնոցների, ձեռքերը դնել այնտեղ, որտեղ Փաշինյանն է դրել:
Փաշինյանը մտածո՞ւմ էր, թե այս ճեպազրույցը տեսնողներից քանի՞սն է, որ հետո ցանկություն կունենան ձեռնոցներ օգտագործելու և կօգտագործեն, չեն մտածի, որ ձեռնոցներ օգտագործելու պահանջն ընդամենը ձեռնոցներ արտադրողներին հարստացնելու նպատակն ունի, իսկ գուցե հենց մտածո՞ւմ էր, եռյակի կողմից մտածվա՞ծ էր այս յուրօրինակ ներկայացումը… Եվ, ի՞նչ է, եռյակը չգիտեր, որ որքան շատ մարդ մտածի SARS-CoV-2-ի վտանգավոր չլինելու մասին, չպահպանի հակահամաճարակային կանոնները, այնքան շատ կլինեն վարակվածներն ու մահացածները: Անվիճելի է, որ այս տեսանյութը դիտածներից շատերի վրա իրենց աչքերի փաստացի տեսածն ավելի մեծ ազդեցություն ունի, քան հակահամաճարակային կանոնները պահպանելու Փաշինյանի խնդրանք-կոչը: Արդյոք հաշվարկված չէ՞ հենց սա, որպեսզի մի կողմից նոր կորոնավիրուսի հետագա տարածման դեմ պայքարի տպավորություն առաջացվի, իսկ մյուս կողմից ի չիք դարձվի այդ խնդրանք-կոչերի ազդեցությունը:
Արթուր Հովհաննիսյան

