1500-3000 դրամի հատկացման մասին աղմուկն անհամեմատ ավելի մեծ է, քան տված օգնությունը

Սոցիալական որոշ շերտերի, փետրվար ամսվա համար սպառած գազի և էլեկտրաէներգիայի գումարի 50 տոկոսը հատուցելու, կառավարության աջակցման ծրագիրը մեծ արձագանք առաջացրեց հանրության շրջանում, բացասական արձագանք: Կառավարության աջակցությունը կասկածելի և ծիծաղելի էր անգամ նրանց համար, որոնք անվերապահորեն սատարում են, հավանություն տալիս կառավարության բոլոր նախաձեռնություններին:

Ըստ վարչապետի՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառման ծրագրում ներառվել են 220 հազար բաժանորդներ, որոնք ընտանիքի անդամների հետ միասին փաստորեն 600 000 շահառու են կազմում: Սրանք այն ընտանիքներն են, որոնք փետրվար ամսին 10 հազար դրամից քիչ գազ են սպառել և 5 հազար դրամից քիչ էլեկտրաէներգիա: Բացարձակ արժեքներով միջինում ստացվում է, որ կառավարությունը աջակցելու է փետրվարի ընթացքում մոտ մինչև 150 կվտժ էլեկտրաէներգիա և մոտ մինչև 72 խմ գազ սպառած բաժանորդներին, բայց ոչ թե ամբողջությամբ, այլ 50 տոկոսի չափով՝ կիսելով նրանց կենցաղային ծախսերի հոգսը: Եվ սա միայն նախորդ ամսվա համար, այն դեպքում, երբ հարևան Վրաստանում կառավարությունը որոշել է փոխհատուցել քաղաքացիների կոմունալ վճարները մարտ, ապրիլ, մայիս ամիսների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ ասելով, որ կառավարությունը փոխհատուցվելու է մինչև 200 կվտժ էլեկտրաէներգիայի և 200 խմ գազի ծախսը բոլոր բաժանորդների  համար: Այսպիսով Վրաստանում, որի տնտեսական ցուցանիշների ու ՀՆԱ-ի հետ ամիսներ առաջ հավակնոտ համեմատություններ էր անում Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը պատրաստակամ է բոլոր քաղաքացիներին ձեռք մեկնելու՝ առանց տարանջատումներ դնելու և հասկանալով, որ համավարակի պատճառով ստեղծված իրավիճակում բոլորն են այսպես, թե այնպես տուժել, և պետության աջակցությունը թեկուզև այդ ձևով կարող է փոքրիշատե թեթևացնել անգամ այն տնտեսվարողների հոգսը, որոնք ամսից ավելի է՝ պարապուրդի են մատնված:

Սա խնդրի մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ կառավարության խոստացած յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսվող 7500 դրամ աջակցությունը ծիծաղելի թիվ է հատկապես այսօրվա պաշտոնյաների պարգևատրումների և բարձր աշխատավարձերի ֆոնին, և այդ գումարը եթե համարենք,  իսկապես ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքներին է ուղղվելու, ընդհանրապես վերքին դարման չէ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մնացած 7500 դրամը մնալու է բաժանորդների ուսերին:

Ի դեպ, կառավարությունը այդպես էլ չբավարարեց հասարակության հետաքրքրասեր շերտի հարցադրումները, թե ովքե՞ր են 11-րդ ծրագրի շահառուները, որոնք ձմռան ցուրտ ամսվա ընթացքում կարողացել են այդքան քիչ էլեկտրաէներգիա և գազ սպառել և նրանց մտահոգություններն այն մասին, թե արդյո՞ք այդ ծրագրում չեն ընդգրկվել բավականաչափ ապահովված քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ պատճառներով պարզապես ամսվա մի մասն իրենց բնակարաններում չեն անցկացրել, հետևաբար էներգակիրների սպառումն էլ քիչ է եղել: Այդուհանդերձ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հաջողվեց պարզաբանում ստանալ, որ ծրագրի շահառուների մեջ չեն ընդգրկվել 0-ական ծախսով բաժանորդները, այսինքն նրանք, որոնք ընդհանրապես այդ ամիս էլեկտրաէներգիա և գազ չեն սպառել: Բայց այդուհանդերձ պատասխան չտրվեց՝ շահառուների մեջ կա՞ն արդյոք քաղաքացիներ, որոնք ամսվա մի մասն են միայն տվյալ տարածքում եղել, իսկ հետո տեղափոխվել են: Բացի դրանից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նաև մտահոգություններ կային, որ հնարավոր է ծրագրի շահառուներ լինեն մարդիկ, որոնք փայտով են ջեռուցել իրենց տունը: Իսկ փայտի գումար ունեցողը չի կարող խոցելի խումբ համարվել, մինչդեռ շատ անապահով ընտանիքներ, որոնք թեկուզ 5500 դրամ էլեկտրաէներգիա են սպառել, դուրս են մնացել կառավարության հոգածությունից:

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց, որ կառավարության աջակցման 11-րդ փաթեթում ընդգրկված շահառուները աշխատող մարդիկ են, որոնք այս ընթացքոմ չեն զրկվել իրենց աշխատանքից և նրանց մեջ կան նաև կրթության, առողջապահության ոլորտի մասնագետներ. «Բաժանորդների բավականին մեծ մասը, եթե չասեմ գերակշռող մասը, այն ոլորտներից են, որտեղ աշխատանքը չի սահմանափակվել պարետի որոշմամբ: Խոսքը կրթության, առողջապահության և այլ ոլորտների մասին է, նրանց մասով կարող եմ ասել, որ դժվարություննները նույնը չեն, ինչ այն քաղաքացիների, որոնք չեն աշխատում»:

Անհասկանալի է, իհարկե, թե ինչպես է ստացվել, որ այդքան մեծ թվով ընտանիքներ ձմռանը չնչին քանակությամբ էներգիա են օգտագոծել՝ էլեկտրականության կամ գազի օգտագործման տեսքով: Այդ մասին կառավարությունը լրացուցիչ պարզաբանումներ չի նեկայացնում: Ի դեպ, նկատենք, որ նրանք մեծ մասամբ պետական սեկտորում աշխատող և անգամ մեկուսացման ու հարկադիր պարապուրդի պայմաններում վարձատրվող քաղաքացիներ են, որոնց դժվար է ծայրահեղ աղքատներ համարել: Հուսանք կառավարությունը ի վերջո հաշվետվություն կներկայացնի, թե այս ծրագրով աջակցություն ստացած քաղաքացիներից քանի՞ տոկոսն է իսկապես թիրախային:

Մեկ նկատառում ևս, բոլոր այս 220 հազար ընտանքիներին 7500-ական դրամներով աջակցելու համար կառավարությունը փաստորեն հատկացրել է 1 մլրդ 665 մլն դրամ գումար, իրենց ստացած պարգևավճարների չնչին տոկոսը, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի այդ նպատակով ծախսված գումարը կազմել է մոտ 22 մլրդ դրամ:

Նշենք, որ հասարակական դժգոհությունների ֆոնին հետագա ընդվզումներից խուսափելու և սեփական ջախջախված վարկանիշի եղած տոկոսն էլ փրկելու նպատակով կառավարությունն այսօր փութկոտորեն ձեռնամուխ եղավ կառավարության 12-րդ ծրագրին՝ փորձելով բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիների բերանը փակել՝ մի քանի հազար դրամ էլ նրանց կողմ նետելով:

Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառումը, որի շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման համար 10 հազար 1 դրամից մինչև 30 հազար դրամ, էլեկտրաէներեգիայի սպառման համար 5 հազար 1 դրամից մինչև 10 հազար դրամ։ Պետությունը վճարելու է բաժանորդների սպառած գազի կամ էլեկտրաէներգիայի միայն 30 տոկոսը: Այսինքն՝ գազի համար 3 հազար դրամից մինչև 9 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի համար 1500 դրամից մինչև 3 հազար դրամ: Տոկոսային հարաբերությամբ թվում է թվերը ներշնշող են, բայց երբ դրանք վերածում ես բացարձակ թվերի, հասկանում ես, որ երկրիդ իշխանությունները պարզապես ծաղրում են իրենց քաղաքացիներին, և նրանց նախաձեռնած քայլերից աղմուկն ավելի մեծ է, քան տված օգնությունը:

Թագուհի Ասլանյան