Թագավարակ. աշխարհում ապաքինվածների թիվն 99 հազարից ավելի է

Աշխարհում նոր թագավարակով՝ կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվը 339 հազար 530 է: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 14 հազարից: Մարտի 23-ին նկատելիորեն աճել է ապաքինվածների թիվը` անցնելով 99 հազարը:

Վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակված է 81 հազար 93 մարդ: Երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 59 հազար 138 մարդ, իսկ մահացության ցուցանիշով այն աշխարհում առաջին տեղում է՝ 5 հազար 476 զոհ:

Վարակվածների թիվն արագ է աճում ԱՄՆ-ում, որտեղ վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել է 35 հազար 060 հաստատված դեպք. նոր դեպքերը 1514-ն են: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում՝ առաջ անցնելով Իսպանիայից: Այստեղ նույնպես առկա են հիվանդացության աճի միտումներ: Մասնավորապես, հաստատված դեպքերը 28 հազար 768 են:

Իսպանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 24 հազար 873 է, այնուհետև Իրանն է՝ 21 հազար 638 հաստատված դեպքով:  Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 16 հազար 018-ի, Հարավային Կորեայում՝ 8 հազար 961-ի, Շվեյցարիայում 7 հազար 474-ի, Մեծ Բրիտանիայում՝ 5 հազար 683-ի:

Ռուսաստանում հաստատված դեպքերը 438-ն են: Մահացել է մեկ մարդ: Վրաստանում 54 հիվանդներից մեկն ապաքինվել է:

Առաջին դեպքն է արձանագրվել նաև Սիրիայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 190-ից ավելի է:

ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկացմամբ, մարտի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 194 է. երկու անձ ապաքինվել է: