Իրանում մահացել է կորոնավիրուսով վարակված բարձրաստիճան պաշտոնյա

Խորհրդատվական խորհրդի (Իրանի բարձրագույն առաջնորդի խորհրդատվական մարմին) անդամ Մոհամադ  Միրմոհամադին  մահացել է երկուշաբթի: Այս մասին հայտնել է Fars գործակալությունը:

Մահվան ճշգրիտ պատճառը չի նշվում: Այնուամենայնիվ, գործակալությունը նշում է, որ ավելի վաղ պաշտոնյան վարակված է եղել կորոնավիրուսով: Մարտի 1-ի երեկոյան նա հոսպիտալացվել է Թեհրանում:

Միրմոհամադին 72 տարեկան էր: Երկու անգամ ընտրվել է Իրանի մեջլիսի (պառլամենտ) պատգամավոր՝ Կում նահանգից:

Իրանի Առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հաղորդել է երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերի մասին: Վարակվածները հայտնաբերվել են Կում քաղաքում: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Իրանում վարակվածների թիվը 978 է, գրանցվել է առնվազն 54 մահ:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի 12 միլիոնանոց Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  այն ճանաչել է որպես միջազգային մակարդակով արտակարգ իրավիճակ՝  որակելով որպես համաճարակ բազմաթիվ օջախներով: Չինաստանի սահմաններից դուրս ամենաուժեղ բռնկումը գրանցվել է Իտալիայում և Հարավային Կորեայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հայտնաբերվել 65 երկրներում, այդ թվում Ռուսաստանում: Չինաստանում գրանցվել է  2,9 հազար մահ, առողջացել է 44,4 հազար մարդ, վարակվածների թիվը գերազանցել է 80 հազարը: