«Աշխարհը կորցրեց հայ ժողովրդի իսկական մարտիկի»․ կյանքից հեռացել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Փետրվարի 18-ին կյանքից հեռացել է ազգային մեծ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երբեմնի նախագահ (1989-2002) Լուիզ Մանուկյան-Սիմոնը` 85 տարեկան հասակում։

Այս մասին հայտնել է ՌԱԿ Կենտրոնական վարչությունը` հղում անելով «Մանուկյան-Սիմոն» հիմնադրամին։

«Մեծ մարդասեր, ստեղծագործ մտքի տեր, իր ժողովրդի նվիրյալ գործիչ և խիստ բնավորության մեջ ազնվագույն և գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն, որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակաշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել,– նշված է հաղորդագրության մեջ։- Նա եղել է Հայոց հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից, ավելին՝ խորհրդանիշներից մեկը։ Թիկունք է կանգնել նորանկախ Հայաստանի կայացմանը, Մայր աթոռ Սբ Էջմիածնի հզորացմանը, Հայաստանում կրթության գործի, առաջին հերթին՝ Երևանի ամերիկյան համալսարանի հիմնադրման գործին»։

«Աշխարհը կորցրեց հայ ժողովրդի իսկական մարտիկի»,- գրված է Հայկական բարեգործական ընդհանուր միության գրառման մեջ։

Լուիզ Մանուկյանը ծնվել է Դետրոյթում։ Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, ծնունդով Զմյուռնիայից, ով մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։ Ալեք Մանուկյանը եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։

Լուիզ Մանուկյանն ամուսնացել է Արման Սիմոնի հետ և ապրել Մանհեթենում։ Նա դարձել ՀԲԸՄ-ի նախագահ 1988թ․ Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո։ Անգնահատելի է եղել նրա ներդրումը երկրաշարժից տուժածներին, Արցախյան  պատերազմի փախստականներին օգնելու գործում։

1962թ․ նրա ծնողները հիմնադրել են «Լուիզ Մանուկյան-Սիմոն» հիմնադրամը, որը հետագայում վերանվանվել է «Մանուկյան-Սիմոն» հիմնադրամ։ 1979 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը։ 2000 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը և նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը 2 միլիոն դոլար նվիրաբերել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը։ 2007թ․ Լուիզը 1,2 միլիոն դոլարով ֆինանսավորել է Միչիգանի համալսարանի հայ ուսանողներին։

2012 թվականի նոյեմբերի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի հրամանագրով Լուիզ Մանուկյան-Սիմոնը պարգևատրվել է «Ասպետ Սուրբ Էջմիածնի» շքանշանով։

Լուիզ Մանուկյան-Սիմոնն ունի երեք զավակ և երկու թոռ։