Շտապօգնության մեքենաներին ճանապարհ չզիջելը տուգանվում է 20 հազար դրամով
Շուրջօրյա աշխատանք, արագ արձագանքում, վայրկյանների ընթացքում կենսական որոշում կայացնելու հմտություն, փրկվող մարդկային կյանքեր: Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերությունն աշխատում է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված յոթ ենթակայաններում գործող 36 բուժխմբերով: Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ, 1-03 ծառայությունն օրական սպասարկում է շուրջ 740 կանչ:
Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ կանչերը տարբերակելու և դրանց ավելի նպատակային արձագանքելու համար: Ձեռնարկված քայլերի շնորհիվ արդեն իսկ կանչերի քանակի նվազման միտում է նկատվում:
«Մեր առաջնային օղակի բժիշկներին տրվել է հստակ հանձնարարական, որպեսզի կապը պոլիկլինիկայի և քրոնիկ հիվանդի միջև ուժեղացվի,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:- Եթե 10-15 օր առաջ ունեինք օրական 860-900 կանչ, ապա վերջին շրջանում 700-740 կանչ ենք սպասարկում»։
Ընկերության հիմնական նպատակն անհետաձգելի կանչերին արագ արձագանքելն է, սակայն հաճախակի են դեպքերը, երբ կանչերն ամենևին էլ շտա՛պ օգնության համար չեն: Երբեմն ծառայության արագ արձագանքումը փոքր-ինչ ուշանում է նաև նման կանչերի պատճառով:
Քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու գործում շատ կարևոր է նաև շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ վերաբերմունքն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, ի դեպ, կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհ չզիջելն առաջացնում է տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:
«Վարորդները ոչ թե զիջելու համար կենթարկվեն վարչական պատասխանատվության, այլ հակառակը՝ չզիջելու»,- ընդգծել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:
Ընկերության օրակարգային խնդիրները. Երևանի քաղաքապետարանն այսօր առողջապահության նախարարության հետ համատեղ հստակ քայլեր է ձեռնարկում:
«Մեծացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձենք որոշ չափով բարելավել և՛ աշխատանքային պայմանները, և ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:- Ակտիվ քննարկումներ են սկսվել առողջապահության նախարարի հետ, որ քաղաքացիներին սպասարկող շտապբուժօգնության աշխատակիցները նույնպես պետպատվերի շրջանակներում ընդգրկվեն անվճար առողջապահական ապահովագրական ծրագրում: Խոսքը մոտավորապես 540 աշխատակցի մասին է»:
Երկու կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ առաջիկայում ոլորտում արդյունքներն ավելի նկատելի կդառնան, շատ կարևոր է նաև քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումը ծառայության աշխատանքի նկատմամբ:
Հարգելի՛ վարորդներ, հիշե՛ք, որ շտապօգնության մեքենաներին ճանապարհ զիջելը մարդկային կյանք փրկելու գործում ձեր ներդրումը կլինի:

