Հայ զորավարներն ավելի քան 100 տարի առաջ

Մենք հայացք կնետենք ընդամենը 100 և մի քիչ ավելի տարիների խորքը՝ հիշելու համար հայ զորավարների անուններ, որոնք ծառայելով օտար բանակներում, օտար պետություններին, միշտ փորձել են իրենց գործը ծառայեցնել իրենց ժողովրդին, նրա բազմաչարչար ծվենները փրկելու և կյանք տալու սրբազան նպատակին:

Գեներալ Արզաս Տեր-Ղուկասով (1819-1881)․ Կովկասյան պատերազմում հռչակված հայ զորավար, որը 46 տարեկանում գեներալ-մայորի կոչում ուներ, նշանակվում է երևանյան զորաջոկատի պետ և մասնակցում ռուս-թուրքական պատերազմին՝ 1877-1878 թթ.: Նշանավոր է նրա փայլուն, բայց դժվարին անցումը Աղրդաղի լեռնաշղթայով, երբ նա գրավեց Բայազետը, ապա Ալաշկերտը, ապա թշնամու բազմապատիկ ուժերի ճնշման տակ հրաման ստացավ նահանջի՝ իր հետ տանելով 3000 մանուկ ու ծեր հայ գաղթականների: Ռուսական ջոկատին և հայ գաղթականներին փրկելն ու տեղ հասցնելը փառքով պսակեցին Տեր-Ղուկասովին: Արտասահմանյան ու ռուս մասնագետները նրան համարում էին «բարձր կրթվածության, ռազմական խոշոր տաղանդի և արտասովոր համեստության միացություն, պարզության, մատչելիության և օրինակելի ազնվության տիպար»:

Պակաս փառապանծ չէ գեներալ Հովհաննես Լազարևի կենսագրությունը (1820-1879): Նրա կենսագիրներից Վ. Պոտտն գրում է. «Մոտիկ անցյալի կովկասյան գործիչների շարքում Հովհաննես Լազարևի անունը պատկանում է այն սակավաթիվ անուններին, որոնց վրա գալիք սերունդները կանգ կառնեն՝ ակամա զարմանքով ու խոր համակրանքով: Նա մի հազվագյուտ, բնածին խոշոր տաղանդ էր, որն ամենուրեք, որտեղ էլ որ լիներ, իրենից հետո թողնում էր փառահեղ հշատակ»: Շուշեցի զորավարը 1877թ. Կարսի փառապանծ գրավման համար 36 տարեկանում ստացավ մարտական բարձրագույն պարգև՝ Գեորգիևյան 2-րդ դասի աստիճան:

Ռուսական բանակի փայլուն զորավարներից էին նաև ղարաբաղցի գնդապետ Սարգիս Յուզբաշյանը, Միքայել Մանսարյանը, իշխան Բարսեղ Բեհբուդյանցը, կոմս Լորիս Մելիքովը և ուրիշներ: Նրանցից գեներալ Բարսեղ Բեհբուդյանցը եղել է Կովկասի կառավարչապետ Երմոլովի համհարզը, 1830-1838թթ. նշանակվել է հայկական մարզի կառավարիչ, ապա որպես ռուսական զորքերի հրամանատար կռվել է լեռնական Շամիլի ապստամբների դեմ:
Թերթելով այս ազնվական զորավարների կենսագրության էջերը՝ մի համոզմունքի ենք հանգում, որ լինելով ցարական բանակի զինվորներ՝ նրանք փառք ու պատիվ են բերել իրենց ազգին:

Փորագրանկարների հեղինակ Պողոս Տեր-Ասատրյան, 1891թ. Թիֆլիս, «Գեղարվեստական ալբոմ» շարքից

(Հեղինակ՝ ԳԱԹ գրական-հուշային ֆոնդի վարիչ Մելանյա Եղիազարյան)

 

Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Art/-ի ֆեյսբուքյան էջից

Հայ զորավարները ավելի քան 100 տարի առաջ….Մենք հայացք կնետենք ընդամենը 100 և մի քիչ ավելի տարիների խորքը՝ հիշելու…

Опубликовано Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Art/ Понедельник, 28 января 2019 г.