Առաջին անգամ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը ռեկորդ կսահմանի. ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ
Այս տարին շատ հաջող էր տարբեր ուղղություններով Ռուսաստանի և ԵՏՄ այլ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության տեսանկյունից:
Այս մասին այսօր Երևանում Եվրասիական տնտեսական ակումբի 6-րդ ամենամյա նիստում հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ 2019 թվականը շահավետ էր և հաջող ԵՏՄ բոլոր անդամ երկրների, մասնավորապես, Հայաստանի համար:
Իր հերթին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակում:
«Խոսքը ոչ միայն քաղաքական երկխոսության, այլ նաև տնտեսական կապերի մասին է: Առաջին անգամ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը ռեկորդ կսահմանի՝ 2019-ի արդյունքների համաձայն ցուցանիշը մեծացնելով երկու մլրդ դոլարով»,- նշեց նա:
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանում գործում են ռուսական կապիտալով մոտ երկու հազար ձեռնարկություններ, որոնց մեծ մասը խոշոր հարկատուներ են:

