Ադրբեջանի արտաքին քաղաքականության սև տասնօրյակը

Մոտ մեկ շաբաթ առաջ «Ադրբեջանը ոռնում է Արցախի նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի ցավից» վերտառությամբ մեր հրապարակմամբ անդրադարձել էինք Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցին «մեր ոխերիմ բարեկամի» ցավագին արձագանքին։

Դրանից երկու օր հետո Ադրբեջանը բողոքել է Վաշինգտոն Արցախի նախագահի կատարած այցի դեմ։ ԻՌՆԱ գործակալության տեղեկացմամբ, Ադրբեջանի արտգործնախարարությունը նոյեմբերի 18-ին տարածած իր հաղորդագրությամբ հայտարարել է, որ ԼՂ-ի նախագահի այցն ԱՄՆ-ն հակասում է ԼՂ-ի հանրապետությունը պաշտոնապես չճանաչելու մասին ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշմանը:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի նման քայլը հարցականի տակ է առնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կապակցությամբ ԱՄՆ-ի անկեղծությունը»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարելի է ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ հաջորդած օրերին, Արցախի առնչությամբ Ադրբեջանի հոգեխանգարմունքը ոչ թե մեղմող է, այլ հակառակը՝ լիովին բավարար  այն բորբոքելու համար։ ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը: Պետնախարարը ողջունելով հյուրերին Արցախի Հանրապետություն կատարած այցի կապակցությամբ, հայտնել է իր ուրախությունը, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվելու է առևտրային ներկայացուցչություններ հիմնելու մասին համաձայնագիր:

«Արցախի իշխանությունների անունից ուզում եմ հայտնել, որ մեզ համար շատ կարևոր են Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության եղբայրական ժողովրդի հետ փոխադարձ շփումների զարգացումն ու խորացումը: Այս առումով համոզված եմ՝ համաձայնագրի վավերացումը կամրապնդի երկկողմ տնտեսական կապերը և որակապես նոր մակարդակի կհասցնի առկա հարաբերությունները»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ նոր համագործակցությունը խթան կհանդիսանա նաև տնտեսության ոլորտում ունեցած դրական փորձի փոխանակման առումով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ և հյուրընկալ ընդունելության համար՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանը նշել է, որ երկու հանրապետություններում առևտրային ներկայացուցչությունների հիմնադրումը սպասված իրադարձություն էր, որը գործնական քայլերի համար նոր հնարավորություններ է ստեղծելու: Նա համոզմունք է հայտնել, որ այն մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական միջավայրերի ներդրումային գրավչության բարձրացմանն ու նոր գործարար կապերի ստեղծմանը:

Այնուհետև երկու պատվիրակությունների միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են երկու երկրների ունեցած տնտեսական հնարավորությունները և նախանշվել այն հիմնական ուղղությունները, որտեղ կարելի է համագործակցության ծրագրեր մշակել:

Հանդիպման վերջում Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանը ստորագրել են երկու հանրապետություններում առևտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին համաձայնագիր, որից հետո փոխանակվել են խորհրդանշական նվերներով:

Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, իսկ Մերձդնեստրի պատվիրակության կազմում՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Ստեցյուկը, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Նատալյա Սիտկինան, ինչպես նաև մեր հայրենակից, Տիրասպոլում «Նոյ» հայկական համայնք» հասարակական շարժման ղեկավար Գեղամ Գևորգյանը:

«Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված անջատողական վարչախմբի ներկայացուցչին թույլատրելով մուտք գործել Ռուսաստան, պաշտոնական Մոսկվան ի չիք է դարձնում բանակցային գործընթացն առաջ մղելու ջանքերը եւ հակասում է Մինսկի խմբի շրջանակներում իր պարտավորություններին»,-Top-News.am-ի տեղեկացմամբ, Ադրբեջանի արտգործնախարարությունն այսպես է արձագանքել օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Մոսկվա կատարած այցին:

«Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունում նաեւ նշված է, թե այս քայլը չի բխում ադրբեջանա-ռուսաստանյան բարձր մակարդակի փոխհարաբերություններից եւ հակասում երկուստեք փոխհարաբերությունների իրավական հենքին:

Բաքուն նույն հայտարարությամբ սպառնում է սրել իրավիճակը եւ փորձում շանտաժի ենթարկել համանախագահող երկրներին, շեշտելով, թե Բակո Սահակյանի այցերը Ֆրանսիա, Ռուսաստան եւ ԱՄՆ իրենց, մեղմ ասած, դուր չեն գալիս»:

Ի մի բերելով այս տեղեկությունները, կարելի է ասել, որ նախորդած օրերն Ադրբեջանի արտաքին քաղաքականության սև տասնօրյակն էին։

 

Արթուր Հովհաննիսյան