Կորոնավիրուսային տեղեկատվական պատերազմ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև

ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման սկզբից Վաշինգտոնն ու Պեկինը համաշխարհային տեղեկատվական պատերազմ են մղում՝ վարակի բռնկման համար ազգային պատասխանատվության պատճառով: Նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է պատասխանատվությունը բարդել Չինաստանի վրա: Սակայն Թրամփը քննադատության է ենթարկվել վտանգն անտեսելու համար իր իսկ երկրում: Այժմ կողմերը տեղեկատվական գրոհներից անցնում են գործողությունների: ԱՄՆ նախագահի աշխատակազմը դիտարկում է երկրից տասնյակ չինացի դիվանագետների, լրագրողների և այլոց վտարման հնարավորությունը, որոնք, ինչպես ենթադրում են ամերիկացիները, զբաղվում են հետախուզական տեղեկատվության հավաքագրմամբ։ Վտարումները կարող են վերաբերել նույնիսկ ՄԱԿ-ում Չինաստանի առաքելության վրա, որտեղ Չինաստանը մշտական ​​տեղ ունի Անվտանգության խորհրդում: Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՄՆ-ում ցանկացած չինական կազմակերպության կամ ընկերության փակման հնարավորությունը, որը կասկածվում է հետախուզական աշխատանքներ կատարելու մեջ:

Նախատեսվող վտարումները կապված են Վաշինգտոնի և Պեկինի միջև աճող տեղեկատվական պատերազմի հետ, որը սկսվել է վերջին շաբաթներին՝ «Covid-19» համավարակի գնահատականների պատճառով: Մարտի սկզբին Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ Չինաստանից վտարելու է երեք խոշոր թերթերի`«Wall Street Journal»-ի, «New York Times»-ի և «Washington Post»-ի համար աշխատող 13 ամերիկյան լրագրողների։ Պեկինը նաև որոշել է, որ Չինաստանում գործող բոլոր լրատվական կազմակերպությունները պետք է Չինաստանի կառավարությանը տրամադրեն մանրամասն տեղեկություններ իրենց ֆինանսական ակտիվների, կադրերի կառուցվածքի և այլ կազմակերպչական տեղեկատվության վերաբերյալ: Ամերիկացի լրագրողները պնդում էին, որ նրանց վտարել են ՉԺՀ-ից Չինաստանում պանդեմիայի հետ կապված իրավիճակի մասին ճշմարտությունը պատմելու փորձերի համար։ Գրեթե միևնույն ժամանակ Թրամփը և նրա վարչակազմի ավագ անդամները՝ ներառյալ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, սկսել են «նոր կորոնավիրուսը» անվանել «չինական վիրուս» կամ «ուհանական վիրուս»: Վերջին տերմինը վերաբերում էր Չինաստանի նահանգին, որտեղ,ինչպես ենթադրում են, առաջին անգամ հայտնվել է վիրուսը: Թրամփը սկսել է պնդել, որ նա որոշել է օգտագործել «չինական վիրուս» հասկացությունը ի պատասխան Պեկինում կառավարական պաշտոնյաների «անհիմն պնդումների», թե նոր կորոնավիրուսը բերվել է Չինաստան ԱՄՆ զինված ուժերի կողմից 2019 թ. հոկտեմբերին։

ԱՄՆ-ի կողմից դիվերսիայի վարկածը, որը կապում է վարակի բռնկումը ամերիկացի մարզիկների՝ Ուհանում տեղի ունեցած ռազմական խաղերին մասնակցության հետ, առաջին անգամ բարձրաձայնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չծաո Լիցզյանը, ով այս մասին գրառում էր կատարել Twitter-ում՝ մարտի սկզբին: Այնուհետև ամերիկյան դիվերսիայի մասին վարկածը կրկնել են չինական այլ պաշտոնյաներ և պետական ​​լրատվական գործակալություններ։ Այնուամենայնիվ, այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանքայը ամերիկյան «Axios» հրատարակչությանը տված հարցազրույցում մերժել է «դիվերսիայի» վարկածը որպես «խենթություն»: Մարտի 26-ին առաջատար «New York Times» թերթը հաղորդել է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՄՆ-ից Չինաստանի մեծ թվով քաղաքացիների վտարման հնարավորությունը, որոնք աշխատում են որպես դիվանագետ կամ լրագրող: Առանձին դեպքերում, ինչպես հաղորդում են, Սպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ-ում որոշ չինական լրատվամիջոցների փակման հնարավորությունը: Ըստ Թրամփի վարչակազմի մի շարք պաշտոնյաների՝ ԱՄՆ-ում աշխատող շատ չինացի լրագրողներ իրականում չինական հետախուզության գաղտնի գործակալներ են և պարբերաբար զեկուցում են Պետական անվտանգության նախարարությանը՝  Չինաստանի արտաքին հետախուզության գլխավոր գործակալությանը: Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) ունի նաև իր կոծկված հետախուզական ցանցը արտերկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Չինական հետախուզության այս ենթադրյալ գաղտնի գործակալներից ոմանք ենթադրաբար կապված են Չինաստանի գլոբալ հեռուստատեսային ցանցի հետ, որը Չինաստանի պետական ​​կենտրոնական հեռուստատեսության (CCTV) օտարերկրյա ստորաբաժանումն է: Այն քարոզչական հրապարակումները, որոնք զեկուցում են Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությանը, օտարերկրյա գործակալներ են, այլ ոչ թե «լրագրողներ»,- Twitter- ում գրել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը:

2020 թվականի մարտի 2-ին Թրամփի վարչակազմը քվոտաներ էր սահմանել այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց թույլատրվում է աշխատել ԱՄՆ-ում գործող չինական լրատվական կազմակերպություններում: Չինական լրատվամիջոցների խմբերը կատարեցին այս հրահանգը և իրենց աշխատակիցներից ավելի քան 60-ին հետ են կանչել Չինաստան: Սակայն այժմ Սպիտակ տանը կարծում են, որ մնացած 100 չինացի լրագրողների զգալի մասը, որոնք շարունակում են աշխատել ԱՄՆ-ում, նաև հետախուզության գաղտնի գործակալներ են: Առաջին վտարման արդյունքում ԱՄՆ-ում տեղի է ունեցել «չինական լրտեսների համակենտրոնացում», ենթադրում են ամերիկացիները: Միևնույն ժամանակ, մարտի 25-ին չինական «Global Times» անգլալեզու պաշտոնական պարբերականը վերահաստատել է այն պնդումը, որ «նոր կորոնավիրուսը» Չինաստան է բերվել ամերիկացի հեծանվորդի կողմից, ով անցած տարվա հոկտեմբերին այցելել էր Ուհան՝ մասնակցելու Համաշխարհային 7-րդ ռազմական խաղերին: «Global Times»-ը պնդում էր, որ Չինաստանի քաղաքացիները և փորձագետները ԱՄՆ-ին հորդորում են մանրամասներ հրապարակել Ուհանում գտնվող մարզիկների մասին: Նման մեղադրանքները, թե նոր կորոնավիրուսը պատրաստվել է ԱՄՆ-ի ռազմական լաբորատորիաներում, արագորեն տարածում են ստանում չինական սոցիալական ցանցերում: Սակայն Թրամփի վարչակազմը կարծես թե չի ցանկանում հետ կանգնել երկրում շատերի կողմից  «կորոնավիրուսի մասին ռասիստական ​​լեզու» կոչվածի օգտագործումից: Չնայած Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ չի օգտագործելու «չինական վիրուս» հասկացությունը: Թրամփը ասել է, որ նա սկսել է օգտագործել «չինական վիրուս» հասկացությունը միայն չինական պաշտոնյաների կողմից տարածված դավադրության տեսությունների պատճառով: Բայց Պոմպեոն շարունակում է պնդել: Մարտի 25-ին Պոմպեոն անցկացրել է հեռախորհրդակցություն G-7 դաշինքի առաջնորդների հետ: Սակայն «G-7»-ը այդպես էլ չկարողացավ պայմանավորվել համընդհանուր պանդեմիայի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ, քանի որ, ըստ ամերիկյան ABC News-ի աղբյուրների, Պոմպեոն պնդում էր, որ ցանկացած հայտարարություն անպայման պետք է ներառեր «Ուհանի վիրուս» հասկացությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խոստովանել է, որ Չինաստանը բռնկման առաջին իսկ քայլերում կատարել է որոշակի «սխալներ»: Սակայն, արդյունքում ԱՀԿ-ը դրական է գնահատել չինական իշխանությունների արձագանքը կորոնավիրուսի ճգնաժամին: Այնուամենայնիվ, ԱՄՆ իշխանությունները շարունակում են համաշխարհային պանդեմիայի մեղքը բարդել Պեկինի վրա: «Սկզբում Չինաստանը փորձել է թաքցնել այս լուրը: Այնուհետև՝ աշխատում էր պաշտպանել սեփական բնակչությանը՝ ընտրովի փոխանակելով կարևոր տեղեկություններ, ինչպիսիք են գենետիկական հաջորդականության տվյալները, և շարունակելով դիմակայել միջազգային առողջապահական իշխանություններին, որոնք օգնություն են առաջարկել և փնտրում էին լրացուցիչ տեղեկատվություն», – մարտի 26-ին լոնդոնյան «Times»-ին պնդում էր Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Վուդի Ջոնսոնը: Ինչպես տեսնում եք, կորոնավիրուսի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տեղեկատվական պատերազմը շարունակվում է և կարող է տարածվել երկկողմ հարաբերությունների նոր ոլորտներում: Կատակներն ավարտվել են:

Սերգեյ Շաքարյանց