Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով. BBC
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզի նոր տեսակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:
Ինչպես հաղորդել է BBC-ն՝ Քլարենս Հաուսը պաշտոնապես հաստատել է տեղեկությունը:
Աղբյուրը մանրամասնել է, որ 71-ամյա արքայազնի օրգանիզմում կորոնավիրուսի ախտանշանները մեղմ են արտահայտված և որ նա այժմ իրեն լավ է զգում:
Նրա կինը՝ Քորնուելի դքսուհին ևս թեստ է հանձնել, սակայն, ի տարբերություն ամուսնու, նրա պատասխանը բացասական է եղել:
Քլարենս Հաուսի փոխանցմամբ՝ ամուսիններն այժմ ինքնամեկուսացել են Շոտլանդիայի Բալմորալ դղյակում:
Արքայազն Չարլզի վարակման աղբյուրը հայտնի չէ:
Նշենք, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։