Իշխանությունների հանցավոր անգործության հետևանքով Հայաստանում գնալով ավելանում են նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերը (տեսանյութ)

Հասարակական տրանսպորտի ախտահանումը չնչին մխիթարություն է

Հայաստանում գնալով ավելանում են նոր կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածության հաստատված դեպքերը, ինչը լինելով իշխանությունների հանցավոր անգործության հետևանքը, լիովին կանխատեսելի էր: Այսօր ժամը 12-ի կողմ հանրապետությունում COVID-2019-ով վարակվածների թիվը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, արդեն հասել էր 15-ի: Բացի այդ, կային դարձյալ պաշտոնական այլ տեղեկություններ, որոնք հիմք էին տալիս ենթադրելու, որ մարտի 14-ի կամ 15-ի ընթացքում COVID-2019-ով վարակվածության նորանոր դեպքեր կարող են հաստատվել:

«Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական,- «Ֆեկյսբուք»-ի իր էջում գրել է  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:- Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»:

Գրեթե նույն ժամանակ Շիրակի մարզում 3 քաղաքացուց նմուշառում էր կատարվել, նրանցից երկուսը` բեռնատարի օտարերկրացի վարորդներ, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում մեկուսացվել էին Բավրայի անցակետում, նրանց մարմնի ջերմաստիճանը նորմայից որոշ չափով բարձր էր եղել, իսկ երրորդը, որի հայ, ՀՀ քաղաքացի կամ օտարերկրացի լինելու մասին տեղեկություն չէր հրապարակված, չնայած հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունենալուն, տվյալ պահին անհասկանալիորեն մեկուսացված չի եղել:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզի ներմարզային և համայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում իրականցվել են ախտահանիչ միջոցառումներ, որոնք շարունակական են լինելու: Դա վատ չէ, վնաս չէ, բայց նոր կորոնավիրուսի տարածումը և վարակման նորանոր դեպքերը կանխելու առումով, ցավոք, ընդամենը չնչին արդյունք կարող է տալ:

Ախտահանումը ոչնչացնում է միայն այն վիրուսները, որոնք միկրոավտոբուսներում և ավտոբուսներում կարող են լինել մինչև այդ տրանսպորտային միջոցների երթուղի դուրս գալը, բայց երթուղի դուրս գալուց հետո, եթե նոր կորոնավիրուսով վարակված որևէ անձ մտնի այդ մեքենաների մեջ, շնչի, փռշտա, հազա, ձեռք տա նստարանների թիկնակներին, որոնց կարող են ձեռք տալ նաև այլ ուղևորներ, մինչև այդ կատարված ախտահանումը որևէ արդյունք չի կարող տալ: Այս առումով հարցեր է առաջացնում ու նույնիսկ վտանգավոր է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի խորհուրդը: Էջմիածնի քաղաքապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է .

«ԿԱՐԵՎՈՐ

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց:

Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է:

Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»:

Բնականաբար, հարց է առաջանում` Դիանա Գասպարյանը լինելով Էջմիածնի քաղաքապետ և նոր կորոնավիրուսի հետ կապված հայտարարությամբ հանդես գալով, այն էլ այսպիսի իրավիճակում մտածե՞լ է, թե ինչ է գրում: Այո, նրա խորհուրդը կամ խնդրանքը` «մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով», միանգամայն ճիշտ է, բայց սխալ է դրան անմիջապես հաջորդող շարունակությունը. «եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է»:

Վերն արդեն նշեցինք ու հիմնավորեցինք, որ այդ ախտահանումից մեծ օգուտ հնարավոր չէ ակնկալել, այն երթուղի դուրս գալուց հետո տրանսպորտային միջոց մուտք գործած վիրուսները չի կարող ոչնչացնել: Ուշադրություն դարձնենք Էջմիածնի քաղաքապետի հորդորի վերջին մասին. «Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»: Իսկ ի՞նչ է` հանրային տրանսպորտում (միկրոավտոբուսներում կամ ավտոբուսներում) այս կամ այն ուղևորի մոտ ծանո՞թ մարդիկ են նստում, ավելի ճիշտ մարդիկ, որոնք COVID-2019-ի թեստով ստուգվել են ու պարզվել է, որ վարակված չեն: Իհարկե՛ ոչ: Հակառակը` հանրային տրանսպորտում ուղևորներն անհամեմատ ավելի շատ են, քան տաքսի մեքենայում, հետևաբար նրանցից վարակվելու ռիսկն ավելի մեծ է:

Այո, գոնե այսօրվանից պետք է սահմանափակվեն քաղաքացիների շարժը, հանդիպումները, պետք է փակվեն ժամանցի վայրերը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադառնալով նոր կորոնավիրուսը չտարածելու միջոցներին, վարակի հետագա տարածումը կանխարգելելուն, ասաց, որ այսօրվանից պետք է դառնանք շատ կարգապահ ազգ: Կա աշխարհի փորձը. այն երկրները, որոնք կարգապահ ձևով, օրինակ, Չինաստանում, Սինգապուրում գործողություններ են իրականացրել առանց ձեռ առնելու, հումորների, նրանք հաղթել են համաճարակին և քիչ վնասներով են դուրս գալու այս իրավիճակից: Հայաստանի Հանրապետությունում պետք է գնանք նույն ճանապարհով, այսինքն` նոր հեծանիվ չենք հորինելու:

«Ոչ թե պետք է տեսնելիս չբարևել, այլ պետք է չտեսնել իրար, խոսել հեռախոսով, սկայպով, շփվել ինտերնետի միջոցով, ուղղակի չտեսնել իրար, այսինքն` տեսնելուց չբարևելը չի փրկում կորոնավիրուսից, որովհետև 1 մետր հեռավորության վրա, եթե հիվանդ լինի այդ մարդը, շատ հնարավոր է, որ կլինի վարակում»,- շարունակելով իր խոսքը, ասաց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն առաջարկեց թատրոնները, համերգները, ներկայացումները, բոլոր նմանաբնույթ միջոցառումներն անխտիր և անհապաղ դադարեցնել, և պետությունն այստեղ պետք է միջամտի, արգելի: Ըստ Մարուքյանի, մեկն իրեն հարցրել է` պետությունն արգելե՞լ է հարսանիքները, ինքն ասել է՝ մի արեք հարսանիք, հետաձգեք, բայց մարդը նայում է պետության, պետական այրերի հայտարարություններին և պետական որոշումներին, այսինքն` եթե պետությունը որոշի, որ հարսանիք մի արեք, այդ մարդն ասի, որ պետությունը որոշել է, որ հարսանիք չանենք, չանի: Ինքը հորդորել է, որ չանեն, հարսանիքը հետաձգել են այդ մարդիկ, բայց պետական մոտեցումը շատ կարևոր է:

Ինչ վերաբերում է հուղարկավորություններին, ապա, ըստ Մարուքյանի, պետք է շատ քիչ մարդկանցով գնալ ու դա անել, նման տեղերում հավաքվելիս, իրարից հեռու կանգնել: Սրճարանները, ռեստորանները պետք է փակվեն: Իտալիայում դրանց չփակվելու հետևանքն է եղել կորոնավիրուսի տարածումը, դպրոցները փակել են, ժամանցի վայրերը՝ ոչ:

Մարուքյանն ասաց նաև, որ հասարակական տրանսպորտը վարակի տարածման ամենահիմնական միջոցն է: Պետք է տարբերակ գտնել և հասարակական տրանսպորտի շարժը հնարավորինս սահմանափակել, պետք է քիչ լինի քաղաքացիների շարժը: Պետք է գործեն միայն խանութները, դեղատները և շրջեն այն մեքենաները, որոնք սնունդ են ապահովում այդ խանութներին ու դեղատներին: Մարդիկ պետք է գնան խանութներից սնունդ առնեն, բերեն տուն առանց շփումների: Համաճարակի դեմ կարելի է պայքարել միայն այս մեթոդներով: Պետք է 14 օր մտնել այս ռեժիմի մեջ, ով հիվանդա բուժել այս ռեժիմի մեջ ու կանխել տարածումը:

Այնուհանդերձ, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում երեկ և այսօր արդեն մի քանի հարսանիք է եղել:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է .

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները:

Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»:

Վերոնշյալն, անշուշտ, անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Նախարարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ կառավարությանը պետք է անհապաղ առաջարկություն ներկայացնի ԿԳՄՍ ենթակայությամբ չգործող նմանաբնույթ հաստատությունները նույնպես փակելու վերաբերյալ:

Ավելի ուշ վարչապետի հայտնած տեղեկությունների համաձայն, այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված 18 անձ կա, նրանցից 11–ը Էջմիածնում հայտնի նշանդրեքին առնչվող անձինք են։

Արթուր Հովհաննիսյան