Նոր փաստերը վկայում են` տանից դուրս յուրաքանչյուրս ենք վտանգված քայլող կամ նստած «կենսաբանական զենքի» հետ հնարավոր հանդիպմամբ

Ներկայիս իշխանությունները նույնիսկ նոր կորոնավիրուսից էլ, իրոք, վտանգավոր են:

Այսօր հայտնի դարձավ, որ Էջմիածնում նոր կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածներից մեկը` Իտալիայից եկած, COVID-2019-ով վարակված և նշանադրության արարողությանը մասնակցած էջմիածնեցի հայտնի կնոջ ազգականը, տաքսի ծառայության սեփականատեր է, իսկ այդ տաքսի ծառայությունն այսօր էլ, իշխանությունների թողտվությամբ, աշխատում է, ինչը հուշում կամ վկայում է, որ ծառայության վարորդները կարանտինացված չեն: Ո՞վ կարող է ասել կամ ո՞ւմ է հայտնի, թե նրանք քանիսին կարող են վարակած լինել և այս պահին էլ քանիսին են վարակում, եթե իրենք տաքսի ծառայության ղեկավարի կողմից վարակված են:

Ավելին. կորոնավիրուսով վարակված կինը նշանդրեքի օրը վարսավիրանոց է գնացել հիվանդ վիճակում: Ճիշտ է, Իտալիայից վերադարձած հիշյալ կնոջը մարտի 8-ին սպասարկած երկու վարսավիրներն ու դիմահարդարը մեկուսացված են Ծաղկաձորում, սակայն մինչ մեկուսացումը նրանք քանի՞ հոգու են սպասարկել և, ընդհանրապես, քանի՞ հոգու հետ շփվել, եթե իրենք նույնպես վարակված են, քանիսի՞ն կարող են վարակած լինել… Այս հարցերը պատասխան չունեն, անորոշություն է:

ՀՀ առողջապահության նախարարը հանդես գալով ֆեյսբուքյան ուղիղ եթերով, չբացառեց, որ Էջմիածնի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի հետ շփված և մեկուսացված համաճարակաբանական խմբից նոր դրական դեպքեր, այսինքն` COVID-2019-ով վարակված այլ անձինք կարող են լինել: Արսեն Թորոսյանը հայտնեց նաև, որ տվյալ պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ` թե՛ առանձին բնակավայրում, թե՛ շենքում` ամբողջովին մեկուսացված:

Վերոնշյալը, նկատենք, վկայում է, որ նրանցից բոլորը չէ, որ Ծաղկաձորի հայտնի հյուրանոցում են մեկուսացված, մի մասը մեկուսացված է իր տանը, ինչը չի տալիս անվտանգության, վարակված լինելու դեպքում տանից դուրս այլոց չվարակելու բավարար երաշխիքներ, ավելին` վարակման անմիջական վտանգի տակ է դնում հենց նույն մարդկանց ընտանիքի անդամներին:

Նկատի ունենալով իշխանություններին դեռ անհայտ վարակակիրների հնարավոր առկայությունը, Արսեն Թորոսյանը կոչ արեց օգտագործել առիթը` ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար մեր տներում (այսինքն` տանը մնալ), քիչ շփվել մեր մյուս համաքաղաքացիների հետ, չհաճախել հանրային միջոցառումների:

«Այսինքն` ոչ շտապ բոլոր հանրային միջոցառումները խստորեն խորհուրդ եմ տալիս, եթե այդպես կարելի է ասել, հետաձգել»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը:

Հիմա «Այո»-ի քարոզարշավի շրջանակում հանրության հետ հանդիպումները` հանրային միջոցառումները, շտապ հանրային միջոցառումների շարքի՞ն են պատկանում, և եթե նույնիսկ այո, նոր կորոնավիրուսը մարդկանց վարակելու առումով հարցնո՞ւմ է, թե տվյալ հանրային միջոցառումը շտա՞պ է, թե ոչ…Իհարկե ոչ, հետևաբար պետք է հետաձգել նաև վերոնշյալ հանդիպումները, հակառակ պարագայում պետք է համարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեսեց առողջապահության նախարարի կոչը, խստորեն տված խորհուրդը, ինչի համար անմիջական պատասխանատուն է լինելու վարակի հետագա ու հնարավոր տարածման դեպքում:

Անդրադառնալով այն հարցին, թե որ դեպքում են մեկուսացվում  անձինք, Արսեն Թորոսյանը նշեց, թե մեկուսացվող անձինք պետք է պարտադիր սերտ շփում ունեցած լինեն նոր կորոնավիրուսի հաստատված ախտորոշումով պացիենտի հետ, իսկ քիչ հետո բացահայտեց, որ սերտ կամ անմիջական շփումը ձեռքով բարևելն է, համբուրվելը, գրկախառնվելը` անտեսելով, որ անձը կարող է «հաստատված ախտորոշումով պացիենտից» վարակված լինել նաև 2 մետր հեռավորությունից: Փաստորեն վերջիններս չեն մեկուսացվել ու չեն մեկուսացվում, իսկ թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել, կարծում ենք, բացատրելու կարիք չկա:

Ավելին. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի խոսքից պարզ է դառնում նաև, որ կորոնավիրուսի հաստատված ախտորոշումով պացիենտի հետ նույնիսկ սերտորեն շփված, բայց դեռ նոր կորոնավիրուսի հաստատված ախտորոշում չունեցող, հնարավոր է, հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանում գտնվող անձանց հետ անմիջականորեն շփված անձինք նույնպես չեն մեկուսացվում, մինչդեռ նրանցից 2 մետր հեռավորության վրա գտնվածներն էլ արդեն պետք է մեկուսացված լինեին: Հաշվի առնելով այս ամենը, առաջիկայում միանգամայն հնարավոր ենք համարում Հայաստանում նոր կորոնավիրուսի համաճարակը, ու ևս մեկ անգամ համոզվում, որ ներկայիս իշխանությունները մեր երկրի բնակչության համար նույնիսկ նոր կորոնավիրուսից էլ վտանգավոր են:

Ժամեր առաջ վարչապետի հայտնած տեղեկությունների համաձայն, այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված 18 անձ կա, նրանցից 11–ը Էջմիածնում հայտնի նշանդրեքին առնչվող անձինք են։

Բնավ չենք զարմանա, եթե COVID-2019-ով վարակակվածների քանակը ՀՀ-ում առաջիկայում ավելանա:

Արթուր Հովհաննիսյան