Ժամանակին չգանձված եկամուտները գույքային հարկի տեսքով պետք է այսօր գանձել․ Բագրատ Ասատրյան

Պետք է գնանք եկամուտների համատարած հայտարարագրման ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով համահարթ  հարկման հարցին։

«Երբ խոսում ենք համահարթեցման, պրոգրեսիվ հարկման մասին, սա պետք է  վերաբերի ընդհանրապես եկամուտներին, ոչ թե կոնկրետ աշխատավարձի տեսքով ստացված եկամուտներին։ Հարկումը պիտի լինի հայտարարագրման հիման վրա։ Աշխատավարձն այստեղ աղբյուրներից մեկն է լինելու։ 3 մլն-ից բարձր ստանում է ընդամենը հազար հոգի, էս առումով էլ մենք մեծ նահանջ ունենք»,- ասաց Ասատրյանը և հավելեց, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ եկամուտների բևեռացման ամենասուր աստիճանը ՀՀ-ում է։

«Տաջիկստանից ավելի վատ վիճակում ենք։ Դա պայմանավորված է մեր հարկային համակարգով, այդ պրոգրեսիվ հարկման համակարգով, որոնք թվացյալ էին, իրական չէին։ Այժմ անհամբեր սպասում եմ գույքահարկի մասին օրենքի կիրառմանը»,-ընդգծեց նա։

Տնտեսագետն իր խոսքում նշեց, որ գույքահարկն ամենաարդար հարկատեսակներից է։ Ըստ նրա՝ ստվերը նաև անշարժ գույքի հետևում է դրսևորվում, ուստի ժամանակին չգանձված եկամուտները գույքային հարկի տեսքով պետք է այսօր գանձել։