Ինտերպոլի նախկին նախագահը կոռուպցիայի համար դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման

Տյանցզինի դատարանն Ինտերպոլի նախկին նախագահ Մենգ Հոնգվեյին դատապարտել է 13,5 տարվա ազատազրկման և 2 միլիոն յուան (290,000 դոլար) տուգանք կոռուպցիայի համար: Նա հայտարարել է, որ չի բողոքարկի այս որոշումը: Այս մասին տեղեկացրել է  Interfax.ru-ն։

Դատարանը հաստատել է, որ 2005- 2017 թթ․ նա օգտագործել է հանրային անվտանգության փոխնախարարի պաշտոնական դիրքը ու ծովային ոստիկանության ղեկավարի պաշտոնը և «հավաքել է» 14,46 միլիոն յուան կաշառք (2,1 միլիոն դոլար):

Մենգ Հոնգվեյը Չինաստանի առաջին քաղաքացին էր, որը ղեկավարում էր Ինտերպոլը: Նա ստանձնել է կազմակերպության ղեկավարությունը 2016 թվականի նոյեմբերին: 2018 թվականի սեպտեմբերին որոշել է Ֆրանսիայից մեկնել Չինաստան և անհետացել է: Հետաքննություն է անցկացվել Ֆրանսիայում նրա անհետացման վերաբերյալ, բայց հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Չինաստանում նրան բերման են ենթարկել՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու կասկածանքով: Նա Ինտերպոլի նախագահի պաշտոնից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին:

Պաշտոնյայի կինը՝ Գրեյս Մեյնը, փորձել է դատի տալ Ինտերպոլին ՝ մեղադրելով կազմակերպությանն ամուսնու անբավարար պաշտպանության համար: Նա պնդում է, որ Չինաստանում իր ամուսինը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով: Գրեյսը և երեխաները ապաստան են ստացել Ֆրանսիայում: