Բաքվի ջարդերը վկայում են, որ արցախահայության ինքնորոշման իրավունքը ցեղասպանությունից փրկվելու միակ ճանապարհն է

Հայատյացությունը կա ու մնում է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում.  թշնամին նույնն է, նպատակները չեն փոխվել անցած դարից մինչ օրս:

Ու եթե հակահայկականության մեթոդներն արտաքուստ երբեմն փոփոխվում են, մասնավորաբար,  միջազգային  հարթակներից քաղաքակիրթ երևալու կեղծ ձգտումով պայմանավորված, ապա միևնույն է, ազերու ներսում նստած է քոչվոր- մարդասպանը, որ ցանկացած պահի գլուխ է բարձրացնում: Մանավանդ, երբ տասնամյակներ շարունակ նույն քարոզն է արվում՝ պետական մակարդակով:  Սումգայիթ, Բաքու, Գանձակ, Մարաղա… Արցախի բազմաթիվ շեների եղեռնագործությունների  իրականացնողը նույն ինքն է՝ թուրքը… ու այսպես մինչև Բուդապեշտ՝  հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարման ողբերգական դեպքը, մինչև 2016-ի ապրիլյան պատերազմ, երբ ադրբեջանցի զինվորականների  ձեռքով իրականացվեցին զարհուրելի ոճիրներ, ու ծրագրողն ու հրահանգ տվողը նորից Ադրբեջանի ղեկավարությունն էր:

1988-ին, ի պատասխան արցախահայության ձգտման` իրացնելու իր ինքնորոշման իրավունքը, խորհրդային Ադրբեջանում թափ առավ հայկական ջարդերի մի նոր ալիք, որն ուղեկցվում էր դաժան սպանություններով, բռնություններով, կողոպուտով: Կիրառվեցին այն նույն մեթոդները, որ 20-րդ դարասկզբում Օսմանյան Թուրքիայի պարագլուխներն իրականացրին Արևմտյան Հայաստանում՝ հայ ժողովրդի դեմ կազմակերպված, ծրագրված Ցեղասպանության ժամանակ:

Ադրբեջանի իշխանություններն անցան էթնիկ զտումների  քաղաքականության իրականցմանը. առաջին ալիքն սկիզբ առավ 1987-ին հայկական Չարդախլու գյուղից:  Գլխավորում էր Ադրբեջանի Շամխորի շրջանի ղեկավար Ասադովը, ով հայտարարեց՝ 140 000 ադրբեջանցի պատրաստ են ցանկացած պահի մտնել Ղարաբաղ ու սպանդ իրականացնել: 1988-ի փետրվարի 21-ին Աղդամ են ժամանում Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարները՝ Կոմկուսի առաջին քարտուղար Բաղիրովի գլխավորությամբ ու  հաջորդ օրը Աղդամից Ասկերան է շարժվում զինված ամբոխը՝ «հայերին դաս տալու» անսանձ մոլուցքով: Բաքվի պլանն էր՝ճեղքել Ասկերանն ու ներխուժել Ստեփանակերտ և արյան մեջ խեղդել արցախյան շարժումը: Սակայն Ասկերանի հայերի կազմակերպած դիմադրությունը  ձախողեց ջարդարարների ծրագիրը:

Հայության դեմ իրականացված ոճիրների  գագաթնակետը Բաքվի հայության ոչնչացման ու տեղահանության ծրագրի կազմակերպումն էր:

Սումգայիթյան ոճրագործությունից անմիջապես հետո՝ 1988 թ. գարնանը, Բաքվում սկսվում են հետապնդումներ հայերի նկատմամբ: «Հայերին ապօրինաբար ազատում էին աշխատանքից, վտարում բնակարաններից, նրանց ծեծում էին, հրապարակային ծաղրուծանակի ենթարկում և սպանում»,- պատմում են ականատեսները։ Իսկ 1990-ի հունվարի 13-ին Բաքվում հայերի դեմ իրականացվող ջարդերը ստանում են  կազմակերպված բնույթ: Ադրբեջանի նախկին ղեկավար Վեզիրովն իր հայտնի հակահայ հեռուստաելույթով տվեց Բաքվի հայերի ջարդերի ազդանշանը, հետևանքը չուշացավ՝ հունվարի 13-20-ը Բաքվում կազմակերպվեց  եղեռնագործություն…

Հունվարի 13-ի երեկոյան ադրբեջանցիների 50 հազարանոց ամբոխը՝ խմբերի բաժանված, սկսում է քաղաքով մեկ հայի հետք որոնելու սև գործը. «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի», «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին». ցեղասպան խուժանն այս կարգախոսներով պաստառները ձեռքին սկսեց Բաքուն  հայերից «մաքրելու» ծրագրված հանցագործությունը: Հայերի ձեռքով կառուցված նավթարդյունաբերության կենտրոնը՝ Բաքուն վերածվեց իր իրական  տերերի համար դժոխքի:

Բաքվի ջարդերը շարունակվեցին  մի ամբողջ շաբաթ, ում հաջողվեց խուսափել մահից, ենթարկվեց բռնի տեղահանության: Բազմաթիվ վկայություններ են պահպանված, որոնք փաստում են Բաքվի հայերի հանդեպ ադրբեջանցիների իրականացրած դաժանությունների՝ վայրագությունների ու սպանությունների մասին: Ինչպես նաև փաստում են այն մասին, որ զարհուրելի ջարդերը եղել են Ադրբեջանի իշխանության կողմից նախօրոք ծրագրված:

Իր հանցավոր անգործությամբ ու անտարբերությամբ Բաքվի հայերի կոտորածին մասնակից դարձավ նաև Խորհրդային իշխանությունը: Հայտնի «Օղակ» գործողությունն իրականացվեց հենց խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՕՆ-ի համագործակցությամբ: Բաքվում կոտորում  էին հայերին, մինչդեռ քաղաքում տեղակայված խորհրդային զորքը, իր11 հազարանոց անձնակազմով, չէր միջամտում այդ եղեռնագործությանը։ Տեղի ունեցավ պետական ահաբեկչություն՝ ուղղված հյուսիսային, ապա նաև ամբողջ Արցախի հայաթափմանը:  Խորհրդային կենտրոնը զորքերը տեղաշարժելու հրահանգ տվեց միայն այն ժամանակ, երբ լուրեր հասան, որ Ադրբեջանի Ժողճակատի կողմից ուղղորդվող խուժանը սպառնում է նաև ռուսներին ու ազգային այլ փոքրամասնությունների։

Ուսումնասիրողներն արձանագրում են՝ զոհերի քանակով, տևողությամբ և չափերով Բաքվի հայկական ջարդերը գերազանցեցին Սումգայիթի հայերի կոտորածը: Այն  դարձան հայկական բնակչության դեմ իրագործված ամենաարյունալի զանգվածային հանցագործություններից մեկը: Սպանվածների ճշգրիտ քանակը մինչ այժմ հայտնի չէ, սակայն տարբեր տվյալներով սպանվել է  մինչև 300 մարդ:

Սումագայիթում, Բաքվում, Գանձակում և 300-ից ավելի բնակավայրերում հայերի դեմ իրականացված բռնությունները, սպանությունները Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Ցեղասպանության մերօրյա շարունակությունն են: Հետևաբար, Ադրբեջանում և Թուրքիայում հայության դեմ կատարված Ցեղասպանությունը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ:  Տարիներ առաջ այս առնչությամբ ականավոր գիտնական Յուրի Բարսեղովն ասել է հետևյալը. «Ադրբեջանը Թուրքիայի կողմից ստեղծված կլոն է՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու նպատակով»:

Ուրեմն, Արցախի հիմնահարցը անհրաժեշտ է դիտարկել հե՛նց այս հարթության մեջ.  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ցեղասպանությունից փրկվելու միակ ճանապարհն է: Հետևաբար, այդ իրավունքի դեմ բռնի ուժով պայքարելը մարդկության դեմ նույնպիսի հանցագործություն է, ինչպիսին Ցեղասպանությունն է:

Ժամանակին արևմտյան տարբեր լրատվամիջոցներ արձագանքեցին Բաքվի ջարդերին, խստորեն քննադատեցին, Եվրախորհրդարանը շեշտեց՝ Ադրբեջանի քաղաքներում՝  Սումգայիթում և Բաքվում տեղի են ունենում հակահայկական ջարդեր: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դրանք ոչ մի գործնական  հետևանք չունեցան, մնացին որպես հայտարարություններ, իսկ Ադրբեջանը չդատապարտվեց որպես ցեղասպան, ագրեսոր պետություն: Ավելին՝ կատարվեց հակառակը. տարիների ընթացքում արևմտյան քաղաքական վերնախավը ոչ միայն մոռացության մատնեց Ադրբեջանի իրականացրած ջարդերը, այլև փոխվեց անգամ միջազգային կառույցների կողմից  հրապարակած  քաղաքական հայտարարությունների բովանդակությունը՝ կիրառվեց արևմուտքին բնորոշ համահարթեցման քաղաքականությունը:

Շատ ենք սիրում խոսել պատմության դասերը սերտելու անհրաժեշտության մասին.  Բաքվի, Սումգայիթի ջարդերը հենց այդ դասերից մեկն են, որով մեզ տրվեց հստակ գիտակցում, որ մեր անվտանգության հարցում առաջին հերթին պարտավոր ենք ապավինել սեփական ուժերին: Ու պետք չէ մոռանալ, որ թշնամին նույնն է, պետք չէ կորցնել պատմական հիշողությունը, պետք չէ մանկուրտ դառնալ, դա հղի է պետականության կորստով:

Նաև հարկ է հիշել ու չմոռանալ, որ հայ ժողովրդի ջարդարարների պատվին Ադրբեջանը Բաքվում  ստեղծել է  Շեհիդների պուրակը, որտեղ պետական արարողակարգի համաձայն պսակներ են դնում օտարերկրյա պատվիրակությունները։ Եվ առհասարակ Ադրբեջանը, ինչպես և նրա մեծ եղբայր  Թուրքիան, այն  եզակի պետություններն են, որտեղ օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին պարտադրում են հարգել երեխաներ սպանած, կանանց բռնաբարած ու այրած ջարդարարների հիշատակին…

 Արմինե Սիմոնյան