Իրանն ափսոսում է, որ սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը․ Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը ցավակցություն է հայտնել այն կապակցությամբ, որ երկրի զինված ուժերը Միացյալ Նահանգներից հարձակման սպասումով՝ սխալմամբ խոցել են ուկրաինական ինքնաթիռը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել»,- նշված է Ռոհանիի թվիթերյան էջում:

«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- նշել է  Ռոհանին:

Նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:

Նախագահը հավելել է, որ «այս աններելի սխալի պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վաշինգտոնն Օտտավային հետախուզական տեղեկություն է փոխանցել, որը հաստատում է այն վարկածը, որ ինքնաթիռի կործանման պատճառն Իրանի զենիթահրթիռային համալիրից արձակված համազարկն է եղել: