Մեր բարեկամ Իրանը դառնում է համաշխարհային ուժ

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանտարի տեղակալն օրերս հայտարարել է՝ «Իրանը վերածվում է համաշխարհային ուժի»:

Ինչպես տեղեկացրել է Parstoday.com-ը, հինգշշաբթի օրը Ահվազում կայացած Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ցուցահանդեսի բացման հանդիսության ընթացքում բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին նշելով, որ Իրանի պաշտպանական ուժը զարգանում է արագ տեմպերով, հավելել է. «Իրանի զինված ուժերն իրենց հարձակողական ու պաշտպանական ուժի շնորհիվ, հակառակորդին կհեռացնեն իսլամական տարածաշրջանից և մինչև այս նպատակի իրագործումը հանգիստ չեն նստի»:

«Մենք հետևում ենք հազարավոր կիլոմետրեր Իրանից հեռու գտնվող թշնամու քայլերին,- հավաստել է Հոսեյն Սալամին:- Սա նույնպես խոսում է Իրանի հզորության մասին»:

Անդրադառնալով արդիական պաշտպանական համակարգեր արտադրելու ոլորտում Իրանի գրանցած հաջողություններին, գեներալ Սալամին ընդգծել է. «Իրանի արտադրած բարձր հեռահարությամբ հրթիռները մեծ ճշգրտությամբ կարող են հարվածել ցանկացած թիրախի»:

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանտարի տեղակալն ավիատիեզերական ձեռքբերումների ցուցահանդեսը համարել է Իրանի ու իսլամի պաշտպանական ուժի միայն մի փոքր բաժինը և հավելել. «Թշնամիները պետք է հաշվարկեն այս հզորության վերջը»: