Կարևորը երկնքից խփելն է, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվաքանակը մեզ չի հետաքրքրում. Թրամփի նոր հրամանագիրը

Սպիտակ Տունն անցյալ հինգշաբթի հրապարակել է մի հաղորդագրություն, որում նշված է. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով չեղարկել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվաքանակի վերաբերյալ զեկույց ներկայացնելու որոշումը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական հետախուզական վարչությանն այսպիսով հրամայել է չբացահայտել ամերիկյան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կորուստների թվաքանակը:

Սպիտակ տան հաղորդագության մեջ նշված է նաև, որ «Թրամփի այդ հրամանագիրը վերացնում է այն ոչ պիտանի գործունեությունը, որն իրականում չի նպաստում պետական գործերի թափանցիկությանը, այլ պատճառ է դառնում, որ մեր հետախուզական պրոֆեսիոնալ պաշտոնյաներն ավելի քիչ կենտրոնանան իրենց հիմնական առաքելությունների վրա»:

Սիրիայի, Աֆղանստանի և այլ երկրներում ԱՄՆ-ի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ, ինչը զայրացրել է ժողովուրդներին, վերահսկիչ կառույցներին, քաղաքական ու կրոնական դեմքերին:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Պենտագոնին և Միացյալ Նահանգների հետախուզական գործակալություններին պարտավորեցրել էր զեկուցել իրենց հարձակումների հետևանքով խաղաղ քաղաքացիների զոհերի թվաքանակի մասին: Սակայն, պարզվում է, Թրամփի համար նույնիսկ ԱՄՆ-ի զոհերի թվաքանակն իմանալը կարևոր չէ: