Ռուսաստանյան արբանյակը Երկրի մթնոլորտում որսացել է անբացատրելի լուսային «պայթյուններ»

«Լոմոնոսով» տիեզերական սարքը Երկրից մի քանի տասնյակ կիլոմետր բարձրության վրա արձանագրել է ակներև պատճառներ չունեցող լուսային ուժգին բռնկումներ։

Ռուսաստանյան «Լոմոնոսով» արբանյակի վրա տեղադրված աստղադիտակը Երկրագնդի մթնոլորտում որսացել է հզոր պայթյուններ, որոնց բնույթն առայժմ անհայտ է։ Այդ մասին պատմել է Մոսկվայի պետական համալսարանի միջուկային ֆիզիկայի ԳՀԻ-ի տնօրեն Միխայիլ Պանասյուկը։ Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին»։ Ցայտուն և չափազանց հզոր լուսային բռնկումներն արձանագրվել են մի քանի տասնյակ կիլոմետր բարձրության վրա։ Ամենահետաքրքիրն այն է, որ դրանց ներքևում չկան ոչ ամպեր, ոչ էլ ամպրոպ։

Սկզբունքորեն՝ տարբեր բնույթի բռնկումներով ցոլարձակում է Երկրի ողջ մթնոլորտը, և դրանց մի մասը գիտնականներին հայտնի է։ Թեև, ինչպես նշել է Միխայիլ Պանասյուկը, ինքն ու իր գործընկերները որոշակի դժվարություններ ունեն ծայրահեղ բարձր էներգիա պարունակող տիեզերական ճառագայթների արձանագրման հարցում։ Բանն այն է, որ սարքը բավական զգայուն է և որսում է, օրինակ, օդանավակայանների լուսազդանշանները կամ մեծ քաղաքների լուսարձակումը։

«Այդ ամենը, իհարկե, խանգարում է մեզ տիեզերական մասնիկների որոնման գործում,- ասել է գիտնականը։- Բայց մենք սովորել ենք առանձնացնել բնական այն երևույթները, որոնք հարկավոր են մեզ»։