Պարոն Փաշինյան, ինչո՞ւ ոչ բոլոր դպրոցներին են բաժանել հունվար ամսվա աշխատավարձերը, ավելի ճիշտ` գրոշները, բյուջեում փող չկա՞․․․

Երևանի քաղաքապետարանից խոստացան՝ վաղն ուսուցիչները աշխատավարձ կստանան, բայց ուշացման պատճառների մասին հստակ պատասխաններ չտվեցին։ Օրեր առաջ «Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր այն մասին, որ Երևանի մի շարք դպրոցների մանկավարժներ հունվար ամսվա աշխատավարձերը դեռ չեն ստացել, ինչն էլ դժգոհության ալիք է բարձրացրել նրանց շրջանում։ Ուսուցիչները հուսահատված դիմել էին «Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչությանը՝ խնդրելով պարզել, թե որն է աշխատավարձերի վճարումն ուշացնելու պատճառը։

Լուսինե Հարոյանն իր անձնական էջում հետևյալ բովանդակությամբ գրառումն էր արել․ «Արդեն որերորդ ուսուցիչն է ինձ դիմում, որ դեռ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը։
Պարոն Փաշինյան, ինչո՞ւ ոչ բոլոր դպրոցներին են բաժանել հունվար ամսվա աշխատավարձը, ավելի ճիշտ` գրոշները:
Բյուջեում փող չկա՞: Բայց այդ նույն բյուջեում, պարզվեց, հսկայական միջոցներ կային 2 ամիս աշխատածների 13-րդ աշխատավարձի, քարտուղարուհիների պարգևատրման, պաշտոնյաների ինքնապարգևատրման համար: Եվ դուք միանգամայն նորմալ համարեցիք պետական միջոցների նման մսխումը, որը սոցիալական աղաղակող անարդարության ևս մեկ դրսևորում էր և որը դուք արդարացրիք:
Ինչպե՞ս բացատրել նման խայտառակ վերաբերմունքը երկրի համար կարևորագույն այս ոլորտի հանդեպ: Սրանում է՞լ է նախկին իշխանությունը մեղավոր, թե՞ իներցիայով է, թե՞ օրենքի շրջանակում է ամեն ինչ:

Ուսուցչի և կրթության հանդեպ նման վերաբերմունքն ուղիղ ճանապարհ է դեպի ազգի դեգրադացում և երկրի կործանում:
Երբ Ճապոնիայի վարչապետին հարցրին, թե ինչո՞ւմն է ճապոնական հաջողության գաղտնիքը, նա պատասխանեց. «Մենք ուսուցչին տվել ենք կայսեր չափ պաշտամունք, պատգամավորի չափ աշխատավարձ, նախարարի չափ լիազորություն
»:

Այսօր մենք հանդիպեցինք Երևանի Հարավարևմտյան թաղամասում գտնվող թիվ 191 դպրոցի մի քանի ուսուցիչների հետ, որոնք հաստատեցին աշխատավարձերի ուշացման տեղեկությունը, ասելով, որ գումարն այդպես էլ չի փոխանցվել իրենց բանկային քարտերին, մինչդեռ նախկինում սովորաբար ամսվա սկզբին, գոնե մինչև ամսի 5-6-ն իրենք ստանում էին աշխատավարձերը, նման խնդիրներ չեն առաջացել։

Ուսուցչուհիներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, մեզ հետ զրույցում ասաց, որ առանց այն էլ ցածր աշխատավարձեր են ստանում, և աշխատավարձի ուշացման պատճառով ստիպված են եղել պարտքեր անել ծանոթներից, բարեկամներից։ Նա ասաց նաև, որ իրենք զանգահարել են թե քաղաքապետարան, թե կրթության և գիտության նախարարություն, թե համապատասխան բանկ, բայց իրենց ոչ ոք հստակ ոչինչ չի ասել, պարզապես  հորդորել են սպասել՝ ասելով, որ երկու օրվա ընթացքում հարցը կլուծվի։ Բայց այդ երկու օրը ձգվելով, դարձել է մեկ շաբաթ։

«Նախարարություններում, քաղաքապետարանում, պետեկամուտների կոմիտեում տրված գերբարձր պարգևավճարների ֆոնին ուսուցիչներին իրենց չնչին, խղճուկ աշխատավարձերը չտալն ու այսքան ձգձգելը վկայում է տվյալ կառավարության, պետության արհամարհական վերաբերմունքի մասին կրթական համակարգի նկատմամբ,- մեզ հետ խոսելիս վրդովված ասաց հիշյալ դպրոցի ուսուցչուհին։- Մինչդեռ, այս համակարգը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած պետության համար և անգամ ազգային անվտանգության ապահովման կառույց է։

Մենք էլ մտածում էինք, թե նոր կառավարությունն ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու մասին կհոգա, բայց, ստացվում է, նորերն ավելի ապաշնորհ են կամ գուցե հայկական դպրոցը քանդելու հատուկ ծրագրով են եկել։ Այլապես ինչպե՞ս բացատրել այս վերաբերմունքը մեր նկատմամբ, քիչ է՝ աշխատավարձերը ուշացնում են, նրանցից որևէ մեկն այդպես էլ ուղիղ եթեր չմտավ իրենց սիրելի ֆեյսբուքով ու գոնե ներողություն չխնդրեց մանկավարժներից։ Բայց պետք եղած ժամանակ ինչ հիմարություն ասես չեն խոսում «լայվ» կոչվածներով, ըստ էության, այդպես էլ ոչինչ չներկայացնելով հասարակությանը, իսկ նման կարևոր թեմաներով խուսափում են խոսել։

Եվ եթե հիմա մեզ աշխատավարձեր էլ տան, ոչ ոք չի նշելու ուշացման պատճառների մասին, ոչ ոք ներողություն չի խնդրելու։ Ես վիրավորված եմ իմ պետությունից, իմ կառավարությունից, ուրեմն ինչպե՞ս այսուհետ վստահեմ այն կառույցին, որը ստանձնել է այդ ոլորտի կառավարումը»։

Մեկ այլ ուսուցչուհի էլ ասաց, որ սառնարան գնելու համար վարկ են վերցրել բանկից, ամսական 25 հազար դրամ են վճարում, վճարման վերջնաժամկետն ամսի 10-ին էր, և ստիպված ուրիշից են պարտք արել գումարը, որպեսզի բանկն իրենց տույժի չենթարկի, «սև ցուցակ» չգցի»։

«Ախր մեզ համար հազար դրամն էլ մեծ գումար է, գրեթե բոլորս էլ ընտանիքներ ունենք, երեխաներ, հոգս, և այնպես չէ, որ մեր ամուսիններն աշխատում են կառավարությունում ու բարձր աշխատավարձեր, ի լրումն դրա, պարգևավճարներ ստանում, որ մենք էլ աչք փակենք մեզ տրվող երկու կոպեկի ուշացման վրա,- ասաց նա։- Աշխատավարձից աշխատավարձ ենք ապրում, և ամեն ուշացման օրը մեզ համար բացասական հետևանքներ է ունենում։

Ո՞ր նախարարը կդիմանա, եթե իր երեխան քաղցրավենիք ուզենա, բայց գնելու գումար չլինի, ու դու էլ քո երեխային ասես՝ դիմացիր, բալես, մինչև աշխատավարձ կստանանք։ Նման վերաբերմունքը մանկավարժի նկատմամբ անհանդուրժելի է, անթույլատրելի։ Վերջապես ե՞րբ պետք է մեր պետությունը փոխի իր վերաբերմունքը կրթության, ուսուցչի, դպրոցի նկատմամբ։ Մեր առաջ միայն պահանջներ են դնում, թե ուսուցիչը պետք է լինի այսպիսին, այնպիսին, բայց պետք է հատուկ կանոնակարգ մշակեն, թե պետությունը, կառավարությունն ինչ դիրքորոշում ու վերաբերմունք պետք է ունենա ուսուցչի նկատմամբ։ Երբ մեզ այսպիսի վերաբերմուք են ցուցաբերում, փոխարենն ի՞նչ են ակնկալում, սոված փորով ու օրվա ապրուստի մասին մտածող ուսուցիչը կարո՞ղ է իրենց ուզած կատարյալ մասնագետը լինել»։

Մենք փորձեցինք Երևանի քաղաքապետարանից ճշտել ուսուցիչների աշխատավարձերի ուշացման պատճառը և այն, թե, ի վերջո, նրանք ե՞րբ կստանան իրենց հասանելիք գումարները։

«Մի քանի օրվա ուշացում է եղել՝ քաղաքապետարանի հետ կապ չունեցող, քաղաքապետարանից չկախված տեխնիկական խնդիրների պատճառով, և վաղը Երևանի դպրոցների ուսուցիչները կստանան իրենց աշխատավարձերը, այսինքն՝ գումարը փոխանցված կլինի իրենց բանկային հաշիվներին,- ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։- Ընդ որում, պետք է նշեմ, որ ամբողջ հանրապետությունում է այդ խնդիրը եղել, ոչ միան Երևանում»։

Մենք զանգահարեցինք տարբեր մարզերի մի քանի դպրոցներ, և այնտեղից էլ մեզ հավաստեցին, որ իրենց աշխատավարձերն առ այսօր չեն վճարվել։

Քաղաքապետի մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք, թե տեխնիկական ի՞նչ խնդիրներ են առաջացել, որոնց պատճառով աշխատավարձերը ավելի քան մեկ շաբաթ հնարավոր չի եղել փոխանցել։ Հակոբ Կարապետյանն ասաց, որ մանրամասներին չի տիրապետում և խորհուրդ տվեց դա այլ նախարարությունից ճշտել՝ ԿԳՆ-ից կամ ՀՀ ֆինանսների նախարարությունից։

ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը, սակայն, մեզ ասաց, որ ուսուցիչների աշխատավարձերի ուշացումն իրականում խնդիր չէ, և բոլոր դպրոցներում չէ, որ դրանք այսքան ուշացրել են։

«Աշխատավարձերը տալու վերջնաժամկետը մինչև տվյալ ամսվա 15-ն է, ուստի անհանգստանալու խնդիր չկա,- ասաց Լուսինե Մարգարյանը։- Այդ ժամկետն օրենքով է սահմանված։ Միշտ չէ, որ  այսքան ուշ են ստացել, բայց օրենքով սահմանված վերջնաժամկետը մինչև ամսի 15-ն է։ Բնականաբար, եղել են դեպքեր, որ ստացել են ամսի 1-ին, 5-ին, 7-ին։ Բայց միայն ամսի 15-ից հետո ուշացած աշխատավարձի դեպքում նոր կարելի է անհանգստանալ։ Մանավանդ որ, բոլոր դպրոցներում չէ, որ աշխատավարձերը մինչև այսօր չեն տվել։

Ի դեպ, ԿԳՆ մամուլի քարտուղարն ևս չկարողացավ հստակեցնել, թե տեխնիկական ինչ խնդիրներ են առաջացել, որոնց պատճառով մանկավարժները մնացել են առանց հունվար ամսվա աշխատավարձի։ Փոխարենը՝ նա գրեթե ամեն նախադասության մեջ շեշտում էր, որ եթե անգամ տեխնիկական խնդիր կա, ապա չնչին է և ուղղելի։

«Տեխնիկական խնդիրը խնդիր չի, լուծելի խնդիր է, բայց որ մենք օրենք չենք խախտել, փաստ է,- ասաց Լուսինե Մարգարյանը։- Փոքրիկ տեխնիկական, թե ինչ խնդիրներ եթե կան, ժամկետների մեջ են։ Ես չեմ կարող ասել, թե ինչու են աշխատավարձերն այդքան ուշացել, մանր խնդիրներին չեմ տիրապետում»։

Այնուհանդերձ, ի պատասխան մեր հարցի, թե արդյոք բանկերի մեղքո՞վ է ուշացումը, ԿԳՆ մամուլի քարտուղարն ասաց, որ բանկերը կապ չունեն։

Եթե հիշյալ խնդիրներն իսկապես այդքան մանր են, ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Լուսինե Մարգարյանը, ուրեմն ուսուցիչների հոգսերի նկատմամբ այդքան անտարբե՞ր են ԿԳ նախարարությունում և այլ իրավասու կառույցներում, որ այդքան մանր հարցերը տևական ժամանակ լուծում չեն ստացել։

 

Թագուհի Ասլանյան