Այլընտրանքային էներգետիկան հեռանկարային ոլորտ է մեր երկրի համար

ՀՀ նախագահը Ֆրանսիայում հանդիպել է հայտնի գործարարի հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի հայտնի գործարար, «Electricité de France» ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, «Veolia Environnement» ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյի հետ։

Նախագահ Սարգսյանը և գործարարը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, ջրային պաշարների արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները։

Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում առկա մեծ ներուժն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ նշելով, որ Հայաստանը հարուստ է վերականգնվող էներգիայի աղբյուրներով, և այլընտրանքային էներգետիկան բիզնեսի հեռանկարային տեսակ է մեր երկրի համար։

Զրուցակիցները պայմանավորվել են, որ, որպես առաջին քայլ, նշված ոլորտներում մեծ փորձառություն ունեցող գործարարն առաջիկա ամիսներին այցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումները շարունակելու և գործակցությանն առավել առարկայական ընթացք տալու համար։