Քըլըչդարօղլուն խստորեն դատապարտել է Մակրոնի որոշումը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հայտարարությանը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ, այս մասին գրել է թուրքական karar.com կայքը։

Քըլըչդարօղլուն նշել է, որ իրենք Էմանուել Մակրոնի հայտարարությունը մեծ ցավով են ընդունել և խստորեն դատապարտում են այն: Քըլըչդարօղլուի հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«1915թ. տեղի ունեցած դեպքերը և հայերին, և թուրքերին մեծ վնաս են պատճառել: Այդ դեպքերից առաջացած մեծ ողբերգությունը երկու ժողովրդի հիշողություններում թողել են խոր վերքեր»:

Նա հավելել է, որ անհնար է երրորդ երկրի անտեղի և անհարկի որոշումներով ջնջել այդ ողբերգության հետքերը և բուժել հիշողություններում դաջված վերքերը:

«Անցյալում տեղի ունեցած ցավալի դեպքերն օրակարգային քաղաքական հաշիվների նյութ դարձնելը չի օգնի կրկին կամուրջ կառուցել երկու ժողովրդի միջև,- գրել է Քըլըչդարօղլուն:- Անհրաժեշտ է այնպիսի քայլեր կատարել, որոնք չեն առանձնացնի Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդներին, և նոր սերունդները ապագային կնայեն ոչ թե հակամարտողի տեսանկյունից, այլև խաղաղասիրաբար»։

Նշենք, որ նախօրեին Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին։

«Ֆրանսիան գիտե, թե ինչպես առերեսվել պատմությանը,- ասել է Ֆրանսիայի նախագահը:- Նա առաջիններից էր, որ 1915թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպանություն և 2001թ. ճանաչեց օրենքի ուժով»։ Էմանուել Մակրոնն ավելացրել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների ընթացքում: