«Մենք Հայաստանն ու Ս. Էջմիածինը տեսնում ենք այստեղ՝ ձեր մեջ»․ Գարեգին Բ (լուսանկարներ)

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» տարեցների տուն

Ավստրալիայում հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը փետրվարի 6-ին իր շքախմբի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և թեմի եկեղեցականների ուղեկցությամբ այցելել է ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ, վարժարանի առջև Նորին սրբությանը դիմավորել են կրթօջախի հիսուն սաները, ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ տիար Միհրան Լեփեճյանը, հոգաբարձական կազմը` ատենապետուհի տիկին Սոսի Կիրակոսյանի ղեկավարությամբ, տնօրեն Մանուկ Դեմիրճյանը, ուսուցիչները և ծնողները:

Աղ ու հացի օրհնությունից հետո վարժարանի դահլիճում տեղի է  ունեցել բարիգալստյան հանդիսություն: Հնչել են Ավստրալիայի և Հայաստանի օրհներգերը, ապա Վեհափառ Հորը բարի գալուստ են  մաղթել պարոն Սարգիս Մանուկյանը և աշակերտներից Սամսոն Բանիքյանը:

Վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանն իր խոսքի մեջ ներկայացրել է վարժարանի առաքելությունը, անցած պատմական ուղին` լուսանկարների ցուցադրությամբ ընդհանուր գծերով իրար հետ առնչելով Վեհափառի առաջին այցելությունը և վարժարանի կապը հայրենիքի և, մանավանդ, Ս. Էջմիածնի հետ, ընդգծելով կրոնաբարոյական դաստիարակությունը, որ կրթականի և ազգայինի հետ մեկտեղ կատարվում է ամենայն բծախնդրությամբ:

Այնուհետև վարժարանի աշակերտները հանդես են եկել գեղարվեստական հայտագրով` իրենց երգերով և արտասանություններով զարմանք պատճառելով Վեհափառ հայրապետին, հոգևորականաց դասին և ներկաներին:

Այս առիթով իրենց խոսքը մանուկներին ու պատանիներին են ուղղել Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը` մասնավորաբար գնահատելով մատղաշ սերնդի ելույթը և սրտի անհուն գոհունակությամբ հաստատելով, որ ապագան այս ընթացքով հաստատուն է ու փայլուն, և հակառակ հեռավորության` հայրենիքը՝ ներկա:

Խոսքի ավարտին Հայկազուն Սրբազանը հրավիրել է Նորին սրբությանը` իր հայրական օրհնությունը բաշխելու վարժարանի աշակերտներին:

Ամենայն հայոց կաթողիկոսը, ուրախություն հայտնելով կրթօջախի լուսավոր հարկի ներքո գտնվելու հնարավորության համար, նշել է, որ յուրաքանչյուր հայորդի, իր հայացքն ուղղելով Հայոց հայրապետին, նրա անձի մեջ մարմնավորված է տեսնում Հայաստանն ու Ս. Էջմիածինը: Դա ճշմարիտ նկատելով Ավստրալիայի հեռավոր ափերում բնակվող հայորդիների համար` Նորին Սրբությունը հաստատել է.

«Մենք Հայաստանն ու Ս. Էջմիածինը տեսնում ենք այստեղ՝ ձեր մեջ: Հայաստանն այստեղ փոքրիկ անուշիկ զավակներն եք: Այստեղ Հայաստանի շունչ է, տեսիլքն է, Հայաստանի հույսն է, որ այս երեխաների անձերի մեջ է կերպավորված, այս մանուկների անձերով է ներկայանում մեզ… Այս երխաները մեր Ս. Էջմիածնինն են, այս երեխաները կերպավորում են այդ սրբությունը ու նվիրականությունը: Այս երեխաները նաև այս կառույցն են, երաշխավորն են այս կառույցի հարատևության: Այս երեխաներով այս գաղութն ապրելու է։ Նրանք պիտի հասակ առնեն, ընտանիք կազմեն, զավակներ ունենան: Եվ իրենց զավակներին պիտի ցանկան առաջնորդել այս հաստատությունը՝ «Ալեքսանդր» վարժարանը, որովհետև այստեղ նրանք գուրգուրանք ու սեր են տեսել, այստեղ նրանք կայացել ու ձևավորվել են, այստեղ նրանք իրենց նկարագիրը, հայկական ոգին, հայկականության կերպարն են ստացել, այստեղ կերտվել են որպես ազգի զավակներ»:

Անդրադառնալով աշակերտների տպավորիչ ելույթներին, Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ ճշմարիտ հայրենասիրությունն այն աշխատանքն է, որ այսօր տարվում է համայնքի մանուկների հետ, որի շնորհիվ նրանք հասակ են առնում հայաշունչ, հայրենասեր, ազգասեր, ազգին պատիվ բերող հայորդիներ, ազգի կյանքը դեպի հավերժություն տանող ազգի զավակներ:

«Ավելի մեծ հայրենասիրություն, ավելի մեծ ազգասիրություն, ավելի մեծ աստվածասիրություն և էջմիածնասիրություն գոյություն չունի, քան այն աշխատանքը, որ իրականացնում են մանկավարժները մեր զավակների հետ:

… Մենք ծափահարում էինք երեխաների տաղանդի դրսևորման համար, բայց առավել չափով ծափահարում էինք իբրև գնահատանք այն աշխատանքի, որ իրականացվում է այս հարկի ներքո ողջ անձնակազմի կողմից: Ի՜նչ ահռելի աշխատանք, ինչպիսի՜ ահռելի ծավալ: Որքա՜ն նվիրում, որքա՜ն համբերություն, որքա՜ն սեր, որքա՜ն ներդրում, որքա՜ն հանձնառության, զոհաբերության ոգի է անհրաժեշտ, որպեսզի երեխաներին մատուցես այս ամենը, որ երեխան հիշի, մտաբերի և արտաբերի այնքան սիրով»,- հավելել է Հայոց հայրապետը` իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցելով մանկավարժներին, հոգաբարձուներին և տնօրենին, նաև շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, ովքեր իրենց աշխատանքը, իրենց ժամանակն ու կյանքը ընծայաբերում են հայ մանուկին, հայոց ազգի ու Հայաստանի հավերժության, Ս. Էջմիածնի հավերժական գոյության համար:

Ամենայն Հայոց կաթողիկոսը նշել է, որ այստեղ դրսևորված սերն իր հոգում պիտի տանի և դարձնի աղոթք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Իջման Ս. Սեղանի առջև, ավստրալահայության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար, որպեսզի ապրեն երկնատուր շնորհների ներքո և կերտեն Հայաստանի, Ս. Էջմիածնի և համայն հայության լուսավոր կյանքը:

Այցի առիթով Վեհափառ հայրապետը նվերներ է փոխանցել վարժարանին և տնօրինությանը, իսկ մանուկներին ընծայել Սուրբ Էջմիածնի խաչիկներ:

Նույն օրը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է «Ալեքսանդր» հայկական հանգստյան տուն: Տնօրինության և խնամակալ մարմնի ուղեկցությամբ Նորին սրբությունը շրջապտույտ է կատարել, առանձնաբար իր հայրական օրհնություններն է բաշխել հաստատության մեջ խնամվող տարեցներին: Աղոթքից հետո Վեհափառ հայրապետը զրուցել է հայորդիների հետ, բարձր գնահատելով խնամակալ խորհրդի հոգատար աշխատանքը, ձեռքբերումները և աստվածահաճո գործունեությունը:

Ի հիշատակ իր այցելության, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանգստյան տանը նվիրել է Տիրոջ Վերջին ընթրիքի սրբապատկեր: