Վերին Արտաշատի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները (տեսանյութ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրն անօրինական գործունեություն է ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ,
պարզվել է, որ ռեստորանային համալիրը գործունեությունը ծավալում է առանց համապատասխան թույլտվության։ Պարզվել է նաև, որ սեփականատերը հաստատության գործունեությունն օրինականացնելու նպատակով, նախորդ տարվա հուլիսին Վերին Արտաշատ համայնքի ղեկավարին դիմում է ներկայացրել։ Համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով դիմումատուի ֆինանսական դժվարությունների մասին, ընդառաջել է նրա խնդրանքին և համապատասխան գործողություններ չի ձեռնարկել ռեստորանային համալիրի ապօրինի գործունեությունը կասեցնելու կամ օրինականացնելու ուղղությամբ։
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
Կատարվում է նախաքննություն։