Ծառայության հետ անհամատեղելի հիվանդություն ունեցողները զորակոչվում են բանակ

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշմամբ մի շարք հիվանդություններով ու խնդիրներով, այդ թվում գիշերամիզությամբ տառապող զորակոչային տարիքի երիտասարդներ համարվեցին պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվեցին բանակ: Մինչդեռ, նախկինում գործող 08.04.2013թ․ թիվ 410 որոշման համաձայն, նշված անձինք համարվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի։ Այժմ էլ օրենքը թեև նրանց համար նախատեսում է որոշակի սահմանափակումներ ծառայությունն իրականացնելու ժամանակ, բայց ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Զինծառայողների իրավունքների պաշտպանության ասոցիացիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ, փաստաբան Դավիթ Վարդիկյանը, անգամ այդ սահամանափակումները նրանց զերծ չեն պահում առողջական ու բարոյահոգեբանական լուրջ խնդիրներից: Գիշերամիզությամբ տառապող ժամկետային զինծառայողների խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը Դավիթ Վարդիկյանի հետ:

 

Ի՞նչ փաստեր ունեք «գիշերամիզություն» ախտորոշմամբ տառապող ժամկետային զինծառայողների մասին, քանի՞սն են նրանք, ի՞նչ պայմաններում են ծառայությունն իրականացնում:

– Մեր ասոցիացիա դիմել են գիշերամիզությամբ տառապող մի շարք զինվորների հարազատներ։ Վերջիններս բարձրաձայնել են խնդիրներ, որոնք կարիք ունեն լուսաբանման։ Բացի այդ, հենց ժամկետային զինծառայողներն են մեզ նամակներ գրել, որոնցում նշել են, թե ինչ դժվարությունների, խնդիրների են ստիպված լինում առնչվել:

Մեզ դիմած զինվորները և նրանց հարազատները տեղեկացրել են, որ ներկայումս գիշերամիզությամբ տառապող հարյուրից ավելի զինվորներ պարտադիր ծառայություն են անցնում, ձմեռային զորակոչից հետո չի բացառվում, որ նրանց թիվն աճի։ Առանց պաշտպանության նախարարության թույլտվության, մենք չենք կարող առանձին ուսումնասիրություններ իրականացնել զորամասերում, բայց ժամկետային զինծառայողների ու նրանց ծնողների միջոցով տեղեկացված ենք խնդրի մասին, այն պայմանների, որոնցում նրանք ծառայություն են անցնում:

Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ պաշտպանության նախարարություն: Պաշտպանության նախարարության պատասխան գրության մեջ նշված է, որ գիշերամիզություն ունեցող ժամկետային զինծառայողների համար ծառայության գործընթացն ավելի հեշտացված է: Բայց խնդիրն այն է, որ զինվորները, այսպես թե այնպես, կատարում են որոշակի զինվորական պարտականություններ, որոնք տվյալ հիվանդության հետ անհամատեղելի են: Ինչպես որ նշել են զինվորները, խաթարվում է իրենց հոգեկան վիճակը։ Գիշերները ստիպված են լինում ժամը մեկ արթնանալ, որը առաջացնում է գերհոգնածություն։ Գիշերամիզության դեպքում ստիպված են լինում թաց վիճակում դուրս գալ դուրս, որը ազդում է առողջության վրա և նպաստում է հիվանդության վատթարացմանը:  Զինվորները հայտնում են նաև, որ առկա են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց մասին չեն ցանկանում բարձրաձայնել։

Մեր բանակի զորությունը առողջ զինվորներն են: Ու դա նշանակում է, որ նման հիվանդություններով ու խնդիրներով անձինք չպետք է հայտնվեն բանակում: Անհասկանալի է, թե նախկին կարգավորումն ինչո՞ւ է վերանայվել, ինչի՞ հիման վրա: Մենք չունենք տեղեկություն այն մասին, թե այդ որոշումը կայացնելուց առաջ ինչպիսի մասնագիտական, հանրային քննարկումներ են եղել, հստակ եզրակացություններ տրվե՞լ են, որոնք կհիմնավորեն այդ որոշումը: Մեր կարծիքով, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշումը չի հետապնդում իրավաչափ նպատակներ, քանի որ գոնե մեզ համար անհասկանալի է, թե որոնք են այն հիմնավորումները, ըստ որոնց, նախինում ոչ պիտանի համարվող անձինք տվյալ որոշման համաձայն, համարվել են թեև սահմանափակումով, սակայն պիտանի զինվորական ծառայության համար: Պաշտպանության նախարարությունից մեզ այդպես էլ սպառիչ պատասխան չի տրվել: Միայն նշվել է, որ եղել են նման քննարկումներ, սակայն դա հաստատող որևէ փաստաթղթի պատճեն չի տրամադրվել:

Գտնում ենք, որ մասնագետների կողմից չպետք է տրվեր այդպիսի խնդիրներով երիտասարդներին բանակ զորակոչելու դրական եզրակացություն, քանի որ բանակում նրանք իսկապես շատ լուրջ վտանգում են իրենց առանց այն էլ խաթարված առողջությունը: Եվ դեռ մեծ հարց է՝ ծառայությունն իրականացնելուց հետո այդ մարդիկ կարո՞ղ են անցնել բնականոն կյանքի, թե բանակում ունեցած հոգեվիճակը հետագայում բացասաբար կանդրադառնա նրանց կյանքի վրա: Յուրաքանչյուր տղամարդ, որը ծառայել է, կարող է վստահեցնել, որ զորամասերում նման խնդիրներ ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքն այլ է, ինչը բացասական հետք է թողնում նրանց հոգեկան առողջության վրա: Նշվածն իրենց նամակներով հաստատել են նաև զինվորները, նրանք մասնավորապես հայտնել են, որ իրենց հիվանդության մասին տեղեկացված են թե ՛ սպաները, թե ՛ պայմանագրային ծառայողները, և վերջիններիս հետ բնականոն ծառայությունն անհնարին է նման պայմաններում։ Հայտնել են նաև, որ երբ իրենց տրամադրում են արձակման թերթիկներ՝ զորամասը որոշակի ժամանակով լքելու թույլտվությամբ, իրենք չեն օգտվում այդ հնարավորությունից, քանի որ զորամասի պատերից դուրս էլ բոլորը տեղյակ են իրենց առողջական խնդիրների մասին, և դա զինվորների մոտ բարդույթներ է առաջացնում:

– Մեկ հստակեցում՝ նման հիվանդություններով զինծառայողները սամանված ժամկետո՞վ են ծառայում:

– Այո, նրանց համար ևս նախատեսվում է 2 տարի զինվորական ծառայություն, և սահմանափակումներն ամենևին այդ ժամկետին չեն վերաբերում:

– Կառավարության նոր որոշման մեջ ո՞ր հիվանդությունների առկայության դեպքում է, որ զորակոչային տարիքի քաղաքացուն չի կարելի զորակոչել բանակ:

– Ես կխոսեմ մասնավորապես գիշերամիզության մասին, քանի որ տվյալ դեպքում մեր խնդիրը դրանով տառապող ժամկետային զինծառայողների առողջությունն է: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշման մեջ առկա հիվանդությունների ցանկի 55-րդ կետի «ա» ենթակետով սահմանված է, որ նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշաններ չունեցող զորակոչիկները սահմանափակումով պիտանի են ծառայության համար: Վերը նշված որոշման հիվանդությունների ցանկի 55-րդ կետի «ա» ենթակետի նկարագրությունից հետևում է, որ գիշերամիզությունը հիվանդություն է, սակայն 55-րդ հոդվածում, այնուհանդերձ, գիշերամիզությունը ներկայացված է որպես նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշան: Ըստ այդմ, պարզ չէ՝ գիշերամիզությունը նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների հետևա՞նք է, թե ինքնուրույն ծագումնաբանություն ունեցող հիվանդություն:

Վերոգրյալը հաշվի առնելով, ակներև է, որ կառավարության գործող որոշմամբ բավարար հստակությամբ սահմանված չեն այն իրավական չափորոշիչները, ըստ որոնց, գիշերամիզությամբ տառապող անձանց զինվորական ծառայության զորակոչելը կարող է իրավաչափ լինել։

– Խնդիրը բարձրաձայնե՞լ եք իրավասու կառույցներում, բացի պաշտպանության նախարարություն հարցում կատարելուց, և ո՞րն է ձեր հստակ պահանջը, ի՞նչ եք պահանջում այդ զինծառայողների համար:

– Նշված և դրանից բխող մի շարք հարցերի պարզաբանման նպատակով, խնդիրը բարձրաձայնել ենք ՊՆ-ում, հետագայում դիմել ենք ՀՀ վարչապետին ու խնդրել կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշման 55-րդ կետի կարգավորումների մեջ փոփոխություններ, լրացումներ կատարել և վերականգնել որոշման նախկին տարբերակը, որով տվյալ խնդիրն ունեցող քաղաքացիներն ազատվում էին ծառայությունից։ Առաջարկել ենք վերը նշված փոփոխությունները կատարելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետներում ստեղծել աշխատանքային խումբ, ներգրավել ՀՀ պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարարության ներկայացուցիչներին, մասնագիտական, փորձագիտական հանրության ներկայացուցիչներին, զինվորների հարազատներին և այլ շահագրգիռ կողմերին։

 

Թագուհի Ասլանյան