Վրաստանը խնդրահարույց սահմաններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ։ Վրաստանի Հանրային հեռարձակողի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում նա նշել է․ «Վրաստանը խնդրահարույց սահմաններ ունի ոչ միայն հակամարտության գոտիների, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ»։

Վրաստանի նախագահը ընդգծել է, որ կան սահմանամերձ տարածքներ, որոնք համաձայնեցված չեն հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ, հիշեցնելով, որ սահմանազատման գործընթացը դադարեցվել է:

Սալոմե Զուրաբիշվիլու այս հայտարարությունը քննադատության է արժանացել վրացական ընդդիմադիր թևի կողմից, մասնավորապես «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բագրաձեն նկատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Աբխազիան և Հարավային Օսիան նույն հարթության վրա դիտարկելով՝ Զուրաբիշվիլին անուղղակիորեն ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, որն անընդունելի է Վրաստանի համար։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանի նախագահի հայտարարությունները բուռն քննադատության է ենթարկվում, և վրաց հասարակության մի մասի կողմից դիտարկվում է որպես Վրաստանի շահերի ոտնահարում։