«Թրամփը պատրաստ է իմպիչմենտի գործընթացի հաջորդ փուլին»․ Սպիտակ տուն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտ է ենթարկել Դոնալդ Թրամփին՝ կապված «լիազորությունների չարաշահման» և «Կոնգրեսին խոչընդոտելու» հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Արդյունքները երկփեղկված են․խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող դեմոկրատները հաստատեցին իմպիչմենտը, իսկ հանրապետականները դեմ էին: Մեղադրանքի առաջին հոդվածին, այն է՝ լիազորությունների չարաշահում, կողմ է քվեարկել 230 մարդ, այդ թվում` մեկ անկախ պատգամավոր, դեմ `197, որոնցից երկուսը դեմոկրատ: Մեկ անձ՝ նախագահի դեմոկրատ թեկնածու Թուլսի Գաբբարդը, ձեռնպահ է մնացել։
Երկրորդ հոդվածին կողմ է քվեարկել 229 պատգամավոր, որոնց թվում՝ մեկ անկախ կոնգրեսական, դեմ՝ 198, այդ թվում՝ երեք դեմոկրատ, մեկ խորհրդարանական ձեռնպահ է մնացել:
Այժմ այս գործով կզբաղվի Սենատը, որը պետք է անցկացնի Թրամփի դատավարությունը: Ավելին, Կոնգրեսի վերին պալատում հանրապետական մեծամասնությունը չի պատրաստվում իմպիչմենտ հայտնել պետության ղեկավարին:
Ինքը՝ Թրամփը, դեմոկրատների՝ իրեն պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը համարում է նրանց «քաղաքական ինքնասպանությունը»:
«Դուք տեսե՞լ եք իմ վարկանիշը: Նրանք առաջին իսկ օրվանից փորձել են ինձ իմպիչմենտ հայտնել: Նրանք փորձել են դա անել նույնիսկ նախքան ես կսկսեի պայքարը», – նշել է նախագահը Միչիգանում կայացած հանրահավաքի ժամանակ՝ հաշվի առնելով, որ իր վարկանիշը, ըստ վերջին հետազոտության, հոկտեմբերից 38 տոկոսից բարձրացել է 43 տոկոսի:
Սպիտակ տունն, իր հերթին, նշել է, որ Թրամփը պատրաստ է իմպիչմենտի գործընթացի հաջորդ փուլին և վստահ է, որ նա Սենատում լիովին կարդարացվի։
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսվա վերջին Ներկայացուցիչների պալատը, որոնց մեծ մասը դեմոկրատներ են, կողմ է քվեարկել ամերիկյան առաջնորդի դեմ իմպիչմենտի պաշտոնական գործընթաց սկսելուն: Նրանք կասկածում են, որ նախագահը հետաձգել է Ուկրաինայի ռազմական օգնությունը, և դրա դիմաց Վլադիմիր Զելենսկուց պահանջել է հետաքննություն անցկացնել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի դեմ:
Թրամփի ընդդիմախոսները կարծում են, որ նա դրանով խախտել է սահմանադրությունը և գերազանցել է լիազորությունները, իսկ հանրապետականները համաձայն չեն դրան: Նախագահի խոսքով՝ ինքը միայն Կիևից պահանջել է կոռուպցիայի դեմ պայքար։