Արցախի հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի անհնար է. Զոհրաբ Մնացականյան

Ինքներս շատ հստակ խոսել ենք, թե ինչ պրակտիկ նշանակություն ունի Արցախի անմիջական ներգրավումը բանակցային գործընթացում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման գործընթացին:

«Այս անբնական պայմաններում մենք ստիպված ենք ինչ-որ չափով երկու ուղղություններով բանակցել, և ես իմ գործընկերոջ՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ մշտական կապի մեջ եմ: Արդյունքում բանակցային գործընթացում ենք լինում նաև Արցախի հետ, ինչը պրակտիկ առումով ոչ էֆեկտիվ է, և Արցախի ներգրավումը ուղղակի պրակտիկ նշանակություն ունի այս գործընթացի համար»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել է, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, Մնացականյանը պատասխանել է.

«Այն, որ Արցախի հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի անհնար է, իրողություն է, որն ընդունվել և է արտահայտվել տարբեր առիթներով. վերջին անգամ նաև ՌԴ ԱԳ նախարարի կողմից, բայց նաև այնպես չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների համար նույնչափ ընկալելի չէ: Սա իրողություն է, որից խուսափելն անհնար է»,- ասաց նա:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին և հայկական կողմի զոհերին ու վիրավորներին՝ նախարարը նշեց. «Բոլոր գործողությունները, որոնք բերելու են էսկալյացիայի ռիսկերի նվազեցման, մեզ համար եղել և մնում են գերակայություն, և դրանք մեր բանակցային փաթեթի կարևոր մասն են»: