Հայաստանում չկա քաղաքական պայքար, կա արժեհամակարգային պատերազմ

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՇՏԱՊՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Իշխանափոխությամբ երկրի կառավարման ղեկն ստանձնած Նիկոլ Փաշինյանը մեկ ու կես տարի առաջ՝ այս օրերին ձեռնամուխ եղավ ԱԺ արտահերթ ընտրությունների շուտափույթ կազմակերպմանը. Փաշինյանն շտապում էր..․

Խորհրդարնում ներկայացված քաղաքական ուժերն առաջարկում էին սպասել, չշտապել և ընտրություններն անցկացնել 2019-ի մայիս-հունիս ամիսներին, իսկ այդ ընթացքում բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, հնարավորություն տալ քաղաքական ուժերին նախապատրաստվել արտահերթ ընտրությունների: Սակայն Փաշինյանը կտրականապես մերժեց բոլոր առաջարկները` ժողովրդին հավատացնելով, թե երկիրը զարգացնելու համար հարկավոր է «րոպե առաջ հանգուցալուծել» ստեղծված քաղաքական ճգնաժամը, իսկ ելքը մեկն է` անհապաղ լուծարել Ազգային ժողովն ու կազմակերպել արտահերթ ընտրություններ:

Պոպուլիստ գործիչն իր քաղաքական նպատակը վերաձևակերպեց իբրև համաժողովրդական պահանջ ու հայտարարեց` Ազգային ժողովը չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին ու նրա շահերը: Դեմ գնացող քաղաքական ուժերին էլ սպառնաց, թե կվարկաբեկվեն իբրև «սեփական ժողովրդի դեմ պատերազմ հայտարարածներ»:

Այո, Փաշինյանը շտապում էր. ինչո՞ւ:

Հանրային տրամադրությունների վրա խաղացած ու քաղտեխնոլոգիաները ճկուն կիրառած քաղաքական գործիչը համոզված էր` հեղափոխական էյֆորիան շատ արագ կնահանջի` հօդս ցնդեցնելով Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն ունենալու իր նպատակադրումը: Շտապել էր պետք, քանի դեռ ժողովրդի սրտի վարչապետն էր:

Եվ դեկտեմբերի 9-ը հայտարարվեց ԱԺ արտահերթ ընտրությունների օր ու իշխանափոխված Հայաստանը մտավ նախընտրական փուլ:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷՐ ՍԽԱԼՎՈՒՄ

Մեկ ու կես տարի անց կարող ենք վստահաբար արձանագրել` Փաշինյանը չէր սխալվում, նրա վախերն արդարացան:

Հեղափոխական էյֆորիան հանգել է, չկա, այն միայն մարդկանց հիշողության մեջ է, և ոչ ավելին: Ու այդ հիշողությունն առավել ճնշող է, որովհետև կատարվեց այն, ինչից վախենում էինք բոլորս, որ այս իշխանության ձախողման, հե­ղի­նա­կու­թյան կորստի, վստա­հու­թյան զրոյացման դեպում կունենանք հուսահատված ժողովուրդ, որը չլինելով հեղափոխությունների սիրահար, ինքն իր գլխի ճարը կգտնի` նախընտրելով ամենավտանգավոր տարբերակը` կկապի ճամպրուկներն ու կարտագաղթի…

Հեղափոխական էյֆորիայի նահանջի հետ մեկտեղ ժամ առ ժամ հասունանում է ներքին դժգոհությունը, ավելին, հաճախակիանում են հրաժարական պահանջող կոչերը: Եվ դրանք ոչ միայն ուղղված են Փաշինյանի թիմի այս կամ այն ներկայացուցչին`քաղաքապետ, նախարար, այլ հե՛նց վարչապետին:

Ի դեպ, այդ կոչերը հնչում են ոչ միայն երկրի ներսում, այլև երկրից դուրս: «Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան». օրերս Միլանում նման կոչով Փաշինյանին դիմեց մի հայուհի, ում խոսքում խտացված էին այն բոլոր անհանգստությունները, որ ամեն օր ապրում ենք հայաստանցիներս:

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՇՎԱՐԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ

բայց կա արթնացում

Հաճախ ենք լսում, թե մինչև ժողովրդի գրպանին չդիպչես` չի սթափվի, չի արթնանա: Համաձայն չեմ, քանզի տեսանելի է ճիշտ հակառակը. արթնացում կա, ու դա եղավ այն բանից հետո, երբ ժողովուրդն զգաց, որ «հեղափոխականները» սասանում են իր ինքնության հենասյուները` Լեզու, Եկեղեցի, Կրթություն, ինչպես կտրում են ծառն իր արմատներից:

Մարդիկ անկեղծանում են` իրականում չեն ճանաչել քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, ատելով նախկիններին, տարվել են ընդդիմադիր Փաշինյանի`«քարը քարի վրա չթողնող» ելույթներով: Իսկ իրական Փաշինյանը հիմա է ինքնաբացահայտվում: Տրանսգենդեր Մել Դալուզյանին հովանավարության տակ առնելը, հայագիտական առարկաները թիրախավորելը, հայերենի հարցում իր քամահրական վերաբերմունքը, Հայ Առաքելական եկեղեցին ծնկի բերելու ներքին մտադրությունները, մյուս կողմից` պատմական փաստերի չիմացությունը (հայերին կովկասցիներ դարձնելը, Նժդեհի կենսագրության խեղաթյուրումը և այլն) առաջին սառը ցնցուղն էին:

Մեր ժողովրդի համար այլևս պարզ է` իրեն ժամանակակից համարող այս իշխանությունը պատերազմ է հայտարարել այն ամենի դեմ, ինչն ազգային է, ու անունը դրել` նորի պայքար հնի դեմ: Սա, իհարկե, էժանագին մանիպուլյացիա է, քանզի սա հնի ու նորի կռիվ չէ, այլ արժեքների ու չարժեքների պատերազմ: Եվ հենց դա է պատճառը, որ Հայաստանում այսօր չկա քաղաքական պայքար քաղաքական ուժերի միջև, որովհետև պայքարը, ինչպես ասացինք, արժեհամակարգային է:

Այսօր ներքին հակասության, երկվության մեջ է մեր ժողովրդի այն հատվածը, որը մեծ հույսերով, փոփոխությունների ակնկալիքով, ուժեղ, անվտանգ պետություն ունենալու տեսլականով գնաց ու կանգնեց Փաշինյանի և նրա հետ «քայլածների» կողքին: Նախկինների ու ներկաների մեջտեղում հայտնված շվարած ժողովուրդ, որ հիմա իրեն հարց է տալիս` սա՞ էինք ուզում: Մեկ տարի առաջ պայքարի ելան նախկին արատավոր բարքերի դեմ, բայց այդ բարքերի մեջ օրեցօր խրվում են նորեկները և խրվում են ավելի «արհեստավարժորեն», նոր ու ժամանակակից մեթոդներով: Եվ երկվության մեջ հայտնված մեր ժողովուրդը դեռ փորձում է արդարացնել իր սրտի վարչապետին` ձախողումների պատճառները որոնելով նրանից դուրս, միայն թե հանկարծ ջարդուփշուր չլինի իր ստեղծած կերպարը` սին, իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող: Դրա համար էլ համոզում է ինքն իրեն, թե Նիկոլը լավն է`թիմն է մեղավորը: Սա, իհարկե, ինքնախաբեություն է, վտանգավոր ինքնախաբեություն, հուսանք` անցողիկ…

Օրեցօր նկատելի է դառնում, թե ինչպես է Փաշինյանը մեծ-մեծ լոնքերով հեռանում ժողովրդից, իսկ նրա ժողովրդահաճո ելույթներում լսելի է ֆալշը` նա անկեղծ չէ ժողովրդի հետ: Արժեհամակարգային հակասությունները խիստ տեսանելի են դառնում` ժողովուրդն ասում է` ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային, ո՛չ այլասերվածներին, Նիկոլը հակադարձում է իր «այո»-ներով: Արժեհամակարգային հեռացումը շարունակվելու է…

ՇԱՐԺԻՉԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ ՀՕԳՈՒՏ ԺՈՂՈՎՐԴԻ

Մեկ ու կես տարի անց երկրի ներսում պատկերն այսպիսին է` պառակտված, բարիկադավորված հա­սա­րա­կու­թյան, և որ առավել մտահոգիչ է` թույլ ու արտաքին վտանգների հանդեպ զգոնությունը կորցրած ժողովուրդ: Երկրում արհեստական լարվածություն է, ամեն օր քննարկումներ են տարբեր հարցերի շուրջ, թվում է, թե աշխատանքային շարժիչը միացված է, բայց իրականում շարժիչն աշխատում է ոչ թե հօգուտ ժողովրդի, այլ հօգուտ ազգային, պետական շահերից չբխող, օտարածին օրակարգերի իրականացման:

Պատրանք են ստեղծում, թե երկիր են զարգացնում, թե քրեական գործերով բյուջե են լցնում, բայց իրականում կա քաղաքական հաշվեհարդար ու պարզունակ վրեժխնդրություն: Կատարյալ խառնաշփոթ, որտեղ առաջ է մղվում երկրորդայինը, ստվերում թողնելով առաջնայինն ու հրատապը:

Ինչևէ, բախտորոշ ժա­մա­նակներ ենք ապրում: Կա՛մ դրվում է մեր պետության չգոյության հիմքը` մեզ դարձնելով անդեմ, անհայրենիք, կոսմոպոլիտ հասարակություն, ուղն ու ծուծով թաթախված արևմտյան չարժեքների մեջ: Կա՛մ այս ամենից դուրս ենք գալու ավելի ամրացած, համախմբված, որպես ազգային արժեքները գիտակցող, մեր նախնիների թողած հզոր ժառանգությանն արժանի սերունդ` ամուր ազգային պետությամբ:

Արմինե Սիմոնյան