Չավուշօղլուն պատասխանել է Փաշինյանին. «Կարգավորման գործընթացից դուրս եկած կողմը Թուրքիան չէ»

Պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարց էր ուղղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Ermenihaber.am կայքը, հղում անելով «Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայությանը, գրել է, որ հայ պատգամավորը մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյո՞ք թուրքական կողմը պատասխանել է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու Հայաստանի պատրաստակամության մասին Փաշինյանի հայտարարությանը։

Հարցին գրավոր պատասխանած Չավուշօղլուն նշել է, որ Հարավային Կովկասում ամբողջական և համապարփակ կարգավորման հարցում Թուրքիայի նպատակը պահպանվում է, և այդ առումով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ցանկությունը չի փոխվել։ Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի՝ ցյուրիխյան արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելուց, ապա նաև դրանք առ ոչինչ հայտարարելուց հետո երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձախողվել է։ Թուրք նախարարի խոսքով՝ գործընթացից դուրս եկած կողմը Թուրքիան չէ։

Ըստ Չավուշօղլուի՝ հնարավոր կարգավորման գործընթացը կարող է կայուն և շարունակական լինել միայն Հարավային Կովկասում համապարփակ խաղաղությանն ուղղված հստակ քայլեր կատարելու դեպքում։ Այս համատեքստում հիշեցվել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993թ․ «Ադրբեջանի հողերի բռնազավթման պատճառով», դրան հաջորդող 26 տարիների ընթացքում «Հայաստանի ագրեսիվ դիրքորոշումը շարունակվել է», և Թուրքիայի որոշումը փոխելու համար համապատասխան պայմաններ չեն ձևավորվել։ «Հետևաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հիմք ստեղծելու համար ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր անելը էական է»,- մասնավորպես նշել է Չավուշօղլուն։

Շարունակելով Արցախի թեման՝ վերջինս գրել է. «Երբ վարչապետ Փաշինյանը 2018 թ․մայիսին իշխանության եկավ, ԼՂ խնդրի խաղաղ լուծման համար հուսադրող արտահայտությունների հետ մեկտեղ տուրք տվեց Հայաստանում կոշտ դիրքորոշում ունեցողներին և սփյուռքին ու  աստիճանաբար խստացրեց  տոնը։ Փաշինյանը օգոստոսի 5-ին բռնազավթված Խանքենդիում (Ստեփանակերտ-խմբ.) ելույթի ժամանակ ասել է՝ ԼՂ-ն Հայաստան է, որը հստակ ցուցիչ է այն բանի, որ Հայաստանը սկսել է հեռանալ խաղաղ լուծումից։

Նաև, վարչապետ Փաշինյանը երբեմն-երբեմն հայտարարություն է անում, որ մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորելո համար պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների, բայց միևնույն ժամանակ ՄԱԿ Գլխավոր անսամբլեայի 74-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս կարողացել է ասել, որ Թուրքիան Հայաստանի համար լուրջ սպառնալիք է»։

Չավուշօղլուն կրկին Հայաստանին մեղադրել է «անհիմն պնդումներով» Թուրքիան թիրախավորելու համար՝ միաժամանակ հիշեցնելով պատմաբանների հանձնաժողով հիմնելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը չընդունվելու մասին:

«Չնայած այս ամենին, եթե հայկական կողմը ԼՂ հակամարտությունը լուծելու համար միջազգային հանրության սպասելիքները և միջազգային իրավունքի շրջանակներում հստակ և անկեղծ քայլեր սկսի անել, ապա Թուրքիայից դրական պատասխան կստանա»,- նշվում է Փայլանի հարցին Չավուշօղլուի գրավոր պատասխանի վերջում: