Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն շնորհավորել է նրան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա՝ հունվարի 14-ի հրամանագրով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը.

Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- նշված է նախագահի հրամանագրում:

Փաշինյանն Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետ չի ընտրվել ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, ըստ որի, «ՀՀ նախագահը խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»։ Դարձյալ ՀՀ Սահմանադրության համաձայն, կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից  հետո 15-օրյա ժամկետում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ ՌԴ ղեկավարը միաժամանակ հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխհարաբերությունների ամրապնդմանը։ Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ», – նշված է հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և երկրները տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցության ոլորտում զգալի փորձ են ձեռք բերել:

«Ենթադրվում է, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կխթանեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացումը,- նշված է հաղորդագրության մեջ։- Սա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»: