Հայաստանը, որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն, ներկայացվել է Սալոնիկի «Philoxenia» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Հայաստանը` որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն, ներկայացվել է Սալոնիկի «Philoxenia» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այս մասին հայտնել է Զբոսաշրջության կոմիտեն:

«Հայաստանի տաղավարը հյուրընկալեց բազմաթիվ այցելուների, ինչպես նաև մի շարք երկրների` Կիպրոսի, Լուքսեմբուրգի, Պերուի, Մարոկկոյի, Սլովակիայի, Սերբիայի հյուպատոսարանների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, պատգամավորների: Ցուցահանդեսի ընթացքում այցելուների համար ելույթ է ունեցել «Մասիս» հայկական պարային խումբը` Արցախի ավանդական տարազներով:

Ցուցահանդեսը ամենակարևոր զբոսաշրջային միջոցառումներից է հարավարևելյան Եվրոպա տարածաշրջանում, ինչպես նաև առաջատարը Հունաստանում միջազգային զբոսաշրջային գործակալությունների համար»,- նշված է հաղորդագրության մեջ: