Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում հայտնաբերված խախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր

Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ կատարված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ, որոնց առթիվ դատախազության հանձնարարությամբ նախապատրաստվել են նյութեր:  ՀՀ դատախազության մամուլի ծառայության տեղեկացմամբ, արդյունքում երեք դպրոցներում պարզված հանգամանքների առթիվ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր:

Մասնավորապես, ոստիկանության Կումայրի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Գյումրու թիվ 24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2014-2018 թթ. տարբեր ժամանակահատվածներում որպես գործավար, հավաքարար, գրադարանավար և տնտեսվար գրանցվել են անձինք, որոնք փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Մեկ դեպքում է պարզվել, որ անձին բակապահի հաստիքին 0.5 դրույքով նշանակելուց մոտ մեկ ամիս անց, այդ ընթացքում աշխատանք չկատարելու պայմաններում, տրամադրվել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Աշխատաժամանակի տեղեկագրերի կեղծմամբ այդ անձանց անվամբ որպես աշխատավարձ կամ այլ վճարումներ, հատկացվել է ընդհանուր շուրջ 3 մլն դրամ, որը  վատնման կամ յուրացման եղանակով հափշտակվել է:

Նշված փաստերի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնում նախապատրաստված նյութերով էլ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մեծ Սարիարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անձը 2017թ. օգոստոսից մինչև 2019թ. փետրվար գրացված է եղել որպես համակարգչային օպերատոր, չի հաճախել աշխատանքի, սակայն նրան է փոխանցվել կազմակերպության դրամական միջոցներից վճարված խոշոր չափերի ընդհանուր մոտ 1,4 մլն դրամ գումարը, ինչպես նաև տրամադրվել է նախ նախածննդյան և հետծննդյան, ապա երեխայի խնամքի նպատակային արձակուրդ:

Նույն բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոսի 27-ին «Լեռնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո անձը փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն պաշտոնեական կեղծիք կատարելով հաստատել է մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ իր անվամբ բոլոր աշխատանքային օրերին աշխատանքային պարտականությունները կատարած լինելու հանգամանքը հավաստող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը: Ապա շրջանառության մեջ դնելով բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը՝ ստացել և յուրացման եղանակով հափշտակել է իր անվամբ հաշվարկված և կազմակերպության դրամական միջոցներից վճարված զգալի չափերի գումարները:

Նկատի ունենալով, որ նշված վերջին երկու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանության Ախուրյանի բաժնում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի տարբեր մասերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Այս ոլորտում ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ, որոնց արդյունքների մասին նաև կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: