Հայաստանը դարձել է դոնոր երկիր՝ ժողովուրդ է արտահանում (տեսանյութ)

«Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանը։

Ամիսներ առաջ ՀՀ կառավարության որոշմամբ լուծարվեց «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ հիմնադրամ ստեղծելու նպատակով։ Եվ ինստիտուտի աշխատակիցները՝ այդ թվում Դավիթ Գասպարյանը, մնացին անգործ։ Ի՞նչ զարգացումներ են եղել այս ամիսների ընթացքում, ի՞նչ ճակատագիր ունեցան այդ աշխատակիցները։ Արվեստի վաստակավոր գործիչն ասաց, որ մինչև օրս որևէ հիմնադրամ չի ստեղծվել և ինստիտուտի գործառույթները որևէ կառույց չի իրականացնում, այն դեպքում, երբ այդ կառույցը կարևոր առաքելություն էր ստանձնել։

Դավիթ Գասպարյանն անդրադարձավ նաև այս օրերին աշխուժորեն քննարկվող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության որոշմանը բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկից հանելու մասին։ ԿԳՄՍ-ը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծ է մշակել, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Խնդիրն այն է, որ ավելի քան 15 տարի առաջ ընդունված ու մինչև այսօր գործող օրենքով  «անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»:

Այս դրույթը նախարարության մշակած նոր նախագծում չկա։ Ի՞նչ հետևանքների կարող է բերել նախարարության այս նախաձեռնությունը։ Մեր հյուրը դեմ է այդ նախագծին և հաղորդման ժամանակ ասաց, որ հայագիտական առարկաները պատահական, աննպատակ չէ, որ ժամանակին ներառվել էին պարտադիր առարկաների ցանկում։ Դրա նպատակը այնպիսի քաղաքացի դաստիարակելն է, որը քաջատեղյակ կլինի իր երկրի, իր ժողովրդի պատմությունից և իր մայրենի լեզվի կրողը կլինի, այլ ոչ թե աղավաղողը։

Մանրամասները՝ տեսանյութում