Չի բացառվում, որ թուրքերը հրթիռակոծել են իրանական լցանավը

Ուզում եմ անկեղծորեն խոստովանել, երբ Թուրքիան իր զորքերը մտցրեց Հյուսիսային Սիրիա և, երբ Իրանն ի պատասխան Սիրիայի դեմ թուրքական ագրեսիայի՝ իր հատուկ գործողությունների ուժերն ու բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներն առաջ մղեց դեպի Թուրքիայի հետ սահման, կարծում էի, որ Իրանի դեմ ինչ-որ սադրանքներ կլինեն: Քանի որ թուրքերը, ինչպես և Իրանի մյուս հավանական ռազմական հակառակորդներն իրենց արյան մեջ գենետիկ վախ ունեն Իրանի ԻՀՊԿ-ից, Իրանում նույնպես սադրանքների էին սպասում: Դա է վկայում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հոդվածը, որը հրապարակվել է հոկտեմբերի 10-ին ազդեցիկ բրիտանական The Financial Times թերթում, որում հեղինակը հրապարակայնորեն առաջարկել է Պարսից ծոցի բոլոր արաբական երկրներին՝ անհապաղ ստորագրել «չհարձակվելու հուշագիր Հորմուզի նեղուցի համայնքների միջև»:

Զարիֆի հոդվածից մի մեջբերում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է կատարել. «Հորմուզի նեղուցի շուրջ համայնքում շատ երկար ժամանակ տիրում էր անվստահության մթնոլորտ,  դժգոհություն և առկա էր հակամարտության վտանգ: Շատ երկար ժամանակ է, որ պետությունները զինվում են, երբեմն ներխուժում, ռմբակոծում կամ էմբարգո կիրառում միմյանց նկատմամբ: Երկար ժամանակ է, ինչ օտարերկրյա ուժերը ժամանում են մեր տարածաշրջան՝ իրենց իշխանությունը պրոյեկցելու, ոչ թե մեր ժողովուրդներին պաշտպանելու համար: Եվ շատ երկար ժամանակ է, ինչ մեր ժողովուրդները տուժում են: Կամ մենք միասին կարող ենք մնալ անկայունության և լարվածության այս ուղու վրա և սպասել չգիտես ինչին, կամ կարող ենք բոլորի համար ընտրել խաղաղություն, անվտանգություն, կայունություն և բարգավաճում: Սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջարկություն արեց՝ ներկայացնելով «Հորմուզի խաղաղության նախաձեռնությունը» կամ «Հույսը»: 1987-ին ՄԱԿ-ին տրվեց այդպիսի տարածաշրջանային համաձայնագրի համար անհրաժեշտ հովանոց ստեղծելու մանդատը: «Մենք պետք է տարբեր մակարդակներով կոնսենսուսի հասնենք` կապված Հորմուզի խաղաղության նախաձեռնության պարամետրերի հետ, այնուհետև հավաքականորեն կսկսենք դրա իրականացումը և կիրականացնենք այն: Հետևաբար, Իրանն առաջարկում է կազմակերպել փորձագետների, հետազոտական ​​կենտրոնների, մասնավոր հատվածի, բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների և պետությունների ղեկավարների հանդիպումներ, որպեսզի քննարկեն ընդհանուր նպատակները …»:

Եվ ահա, հոկտեմբերի 11-ին Իրանի ԱԳՆ-ի հրապարակած խաղաղության նախաձեռնությունից մեկ օր անց, անհայտ ուժերը երկու հրթիռային հարված են հասցրել «SABITI» իրանական նավթային լցանավին, որը գործարկվում է Իրանի ազգային լցանավային ընկերության (NITC) կողմից Կարմիր ծովում՝ սաուդյան նավահանգիստ Ջեդդա քաղաքից մոտ 60 մղոն հեռավորության վրա: Press-TV իրանական անգլալեզու հեռուստաալիքը հաղորդել է, որ պայթյունները հարվածել են նավի կեռին, ինչի հետևանքով վնասվել են նավի երկու հիմնական խցիկները, և դա հանգեցրել է Կարմիր ծովում նավթի արտահոսքին: Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեիին մոտ կանգնած ISNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով «անանուն աղբյուրի», հաղորդել է, որ տեխնիկական փորձագետները ենթադրում են, թե դա «ահաբեկչական գրոհ էր»: Անձնակազմի անդամները ներկայումս անվտանգության մեջ են, և ոչ ոք չի տուժել պայթյուններից: Լցանավը ներկայումս գտնվում է կայուն վիճակում, ջրի վրա․ ասվում է հաղորդագրության մեջ: Միջազգային լրատվամիջոցներում անմիջապես հայտնվեցին վարկածներ, թե ովքեր կարող էին կանգնել Կարմիր ծովում սաուդյան նավահանգստի մերձակայքում՝ երկու հրթիռ արձակելու հետևում: Մենք դրանք միայն կթվարկենք՝ առանց խոր վերլուծության. 1) հրթիռային հարվածները հասցրել են ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան. 2) միայն Սաուդյան Արաբիա. 3) միայն ԱՄՆ-ը. 4) իրանական նավթային լցանավի վրա հրթիռային հարձակման հետևում կանգնած է Իսրայելը:

Եվ ինչո՞ւ ոչ Թուրքիան, կարող ենք հարցնել, չէ՞ որ Քաթարում թուրքերը մի ամբողջ ռազմական բազա ունեն, էլ չենք ասում այն ​​փաստը, որ Կարմիր ծովում ևս առկա է թուրքական ռազմական ներկայություն՝ Սուդանի կղզիներից մեկում: Մասնավորապես, Սաուկին կղզին Սուդանը դեռ 2017թ․ վերջին վարձակալության է հանձնել Թուրքիային 99 տարի ժամկետով: Թուրքերը նաև կազմակերպել են իրենց ռազմական ներկայությունը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում, իսկ դա նույնպես Կարմիր ծովի մոտակայքում է: Տարբեր տարիներին հաղորդվում էր նաև, որ թուրքերը «աչք են դրել» Եմենի Սոկոտրա կղզու վրա, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում, բայց Կարմիր ծովից ոչ հեռու: Հավանաբար, միայն Եմենի պատերազմը, ավելի ճիշտ` տեղի շիաների ապստամբությունը խառնեց Թուրքիայի խաղաքարտերը Սոկոտրայի վերաբերյալ: Ամեն դեպքում, իրանական լցանավի դեմ ահաբեկչական գործողությունը, իսկ հենց այդպիսին է Իրանի ԱԳՆ-ի գնահատականը, լցանավային պատերազմը հանում է նոր մակարդակի: Նավագնացությունն այլևս անվտանգ չէ Կարմիր ծովում ևս: Եթե ​​Իրանը կհաստատի, որ լցանավը ենթարկվել է հենց հրթիռային հարձակման, ապա բոլոր տարբերակներով, անկախ վարկածներից, մենք ականատես կլինենք իրանական վրեժխնդրության դրսևորման՝ մեկ կամ նույնիսկ մի քանի հարվածների տարբերակով: Դա անխուսափելի է:

Սերգեյ Շաքարյանց