Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

«Արցախպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գույքահարկից ազատվում են կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` մինչև 1991 թվականը կառուցված օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական և պաշտամունքային շենքերն ու շինությունները, ինչը հնարավորություն չի տալիս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի նկատմամբ գույքահարկի և հողի հարկի մասով կիրառել ամբողջական արտոնություն: