Փոխվարչապետը ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է Վեդիի ջրամբարի կառուցման հետ կապված հարցեր

Սեպտեմբերի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդումը տարբեր ոլորտներում: Դեսպան Լաքոթը կարևորել է փոխվարչապետի գրասենյակի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են Վեդիի ջրամբարի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր: Ջրամբարը կառուցվում է ԶՖԳ հետ համագործակցությամբ՝ վարկային ծրագրի շրջանակներում ու հանդիսանում է գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ամենամեծ նախագիծը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ֆրանսիական «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների հետ ընթացող երկխոսությանը: