Պուտինն ու Ռոհանին «հանձնարարում են» Էրդողանին՝ արագացնել ԱՄՆ-ի դուրս գալը Սիրիայից

Երեք նախագահների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հերթական գագաթնաժողովն արդեն դարձել է պատմություն: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ կոնկրետ այս գագաթնաժողովը որոշիչ և վերջնական կլինի գոնե ինչ-որ հարցում: Ի վերջո, Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար հանդիպումներ են ունենում արդեն երկար տարիներ, բայց Սիրիայի հարցում այդպես էլ չի գտնվել կարգավորման օպտիմալ տարբերակ: Իմ հաստատուն կարծիքով, դա կապված է Թուրքիայի երկերեսանի և հակասական դիրքորոշման հետ, այն պատճառով, որ Ռուսաստանին և Իրանին իբրև դաշնակից ներկայանալով՝ թուրքերը փաստորեն գործնականում շարունակում են մնալ ԱՄՆ և Իսրայելի հավատարիմ ստրուկներ:

Այս անգամ եռակողմ խորհրդակցություններն անց են կացվել Անկարայում, և կողմերը, ըստ էության, առանձնապես նոր բան չեն ասել: Պաշտոնապես Պուտինը, Ռոհանին և Էրդողանը իբր կրկին քննարկել են միայն Սիրիայի հարցը: Հանդիպման մասնակիցները վերահաստատեցին իրենց նվիրվածությունը «Աստանայի ձևաչափին» և համաձայնեցին, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական ​​բանակցությունների հիման վրա: Ընդ որում, հիմնական պայմանը Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության պահպանումն է: Պուտինը նշել է, որ «Աստանայի» պայմանավորվածությունների հիման վրա Սիրիայի կարգավորման հարցով եռակողմ խմբի աշխատանքի շնորհիվ հաջողվել է հասնել երկրում բռնությունների մակարդակի էական իջեցման և սիրիական հողի մեծ մասում խաղաղ բնակչության կյանքի նորմալացմանը: Այնուամենայնիվ, դեռևս խիստ մտահոգիչ է իրավիճակը ահաբեկիչների կողմից վերահսկվող սիրիական Իդլիբում: Ըստ Պուտինի խոսքերի՝ առաջնորդները պայմանավորվել են շարունակել ջանքեր գործադրել տարածքում «վերջնականապես լարվածությունը վերացնելու» հարցում:

Բայց, ինչպես պարզվեց, երեք նախագահներից երկուսին ավելի շատ հետաքրքրում էր Սիրիայում տեղակայված ԱՄՆ զորքերի մասին հարցը, որոնց հետ սերտ համագործակցում է Թուրքիան: Ռոհանին կրկին և հաստակամ շեշտեց, որ ԱՄՆ զորքերը գտնվում են Սիրիայում ապօրինի կերպով և խախտում են ՄԱԿ անդամ երկրի «տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը՝ որպես անկախ պետության» իրավունք: Եվ Ռուսաստանի առաջնորդը հույս հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորակազմը Սիրիայից դուրս բերելու մասին որոշումը կիրականացվի մինչև այս տարվա վերջ: Էրդողանը համաձայնում էր, բայց … Բավական է իմանալ, որ նա փորձում էր շեղել Պուտինի և Ռոհանիի ուշադրությունը «ահաբեկչական միջանցք» (սիրիական-թուրքական սահմանի երկայնքով) կեղծ թեզի վրա: Հասկանալու համար. Անկարան կրկին կապում է Սիրիայում ամերիկյան ռազմական ներկայության հարցը «սիրիական քուրդ ահաբեկիչների հարցի» հետ: Այսինքն՝ Էրդողանը նորից ստում է: Կարծում եմ, որ և Պուտինը, և Ռոհանին քաջատեղյակ են այդ մասին:

Չգիտես ինչու, շատերի ուշադրությունը սևեռված էր ​Պուտինի և Էրդողանի առանձին հանդիպմանը, գուշակելով, թե Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները ի՞նչ էին պայմանավորվել անդրկուլիսներում: Իսկ պայմանավորվել կարող էին շատ հարցեր։ Եվ, միևնույն ժամանակ, գրեթե անտեսվեց այն փաստը, որ Ռոհանին ևս առանձնազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Իսկ ինչի՞ մասին կարող էին խոսել Իրանի և Թուրքիայի նախագահները։ Դարձյալ՝ ցանկացած հարցի մասին: Օրինակ՝ Սիրիայի կամ Իրաքի մասին: Կամ Իրանի դեմ հուլիսյան ահաբեկչությունների մասին, որոնք իրականացվել են Թուրքիայի տարածքից: Ինչպես տեսնում եք, Էրդողանի հետ անհատական ​​շփումներում Պուտինին և Ռոհանիին հետաքրքրող հարցերի շրջանակն անսպառ է: Բայց առավել հետաքրքրական էր այն, որ Անկարայում նախագահական գագաթնաժողովի նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ: Մեջբերենք․ «Սիրիայում պատերազմն իսկապես ավարտվել է: Երկիրն աստիճանաբար վերադառնում է նորմալ, խաղաղ կյանքի: Լարվածության առանձին օջախներ մնում են միայն այն տարածքներում, որոնք ՍԱՀ-ի կառավարության ենթակայության տակ չեն… »։

Սա այն օրակարգն է, որով և Պուտինը, և Ռոհանին եկել էին Անկարա: Նույնիսկ արևմտամետ ռուսական ԶԼՄ-ները նշում էին, որ գագաթնաժողովի կարգախոսը դարձավ կոնկրետ հրամանը Թուրքիային. «ԱՄՆ-ը պետք է հեռանա»: Եվ այն, որ Ռուսաստանն ու Իրանը հերթական անգամ բարձրաձայնեցին այս կարգախոսը Էրդողանին, նշանակում է, որ Մոսկվան և Թեհրանը ուղիղ կապ են տեսնում Հյուսիսային Սիրիայում Թուրքիայի գործողությունների և այս երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայության միջև: Հարցն այն է, թե որքանով էին կտրական Պուտինն ու Ռոհանին Էրդողանի հետ զրույցներում: Իսկ այն, որ Իրանն ու Ռուսաստանը գործում են միասին և համակարգված, ես բազմիցս ապացուցել եմ:

Սերգեյ Շաքարյանց