Տարօրինակ է, որ թիրախավորվում են իշխանության քիմքին անհաճելի որոշումներ կայացնող դատավորները

«Դավիթ Գրիգորյանին անձամբ ճանաչում եմ՝ նա շատ պարկեշտ մարդ է, գրագետ իրավաբան, անապական անցյալով պետական ծառայող, քանի որ նախկինում աշխատել է դատախազության համակարգում։ Բայց կոնկրետ գործի հանգամանքներին ծանոթ չեմ, չգիտեմ՝ ինչ է եղել, գնահատականներ չեմ կարող տալ», — այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին՝  արդյո՞ք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ճնշում է իրականացվում իրավապահների կողմից։

Գևորգ Պետրոսյանը շեշտեց, թե  Դավիթ Գրիգորյանը «պարկեշտ մարդ է» ու հավելեց․

«Ինձ համար տարօրինակ է, որ նման թիրախավորում են ստանում այն դատավորները, որոնք կայացնում են իշխանության քիմքին անհաճելի որոշումներ։ Սա իմ անձնական կարծիքն է։ Գուցե, կա հիմնավորում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համար։ Տա Աստված՝ մենք չհամոզվենք նրանում, որ սա քաղաքական հետապնդում է»։

Հիշեցնենք, Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն էր, որը որոշել էր կասեցնել այդ գործի վարույթը և դիմել Սահամանդրական դատարան՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար։

Ինչպես նաև Արցախի նախագահների անձնական երշախավորությամբ որոշել էր կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Գրիգորյանը որպես վկա անցնում է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով։ Վերջերս այդ գործով նա ներգրավվեց որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։

ԲԴԽ որոշմամբ նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Նրա պաշտպանությամբ զբաղվելու պատրաստակամություն է հայտնել շուրջ 100 փաստաբան։