Սրբապիղծները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր Եռաբլուրում կատարված սրբապղծության արարքներին՝ Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը վնասելու, պղծման գործողություններին, գրել է.

«Եռաբլուրում տեղի ունեցածը, վստահաբար, արգասիքն է վերջին ժամանակներս էականորեն ակտիվացած որոշ հասարակական կազմակերպությունների և միավորումների գործունեության։

Այս կազմակերպություններն աշխատում են մի պարզ սկզբունքով, որի ընթացքում հասարակական կարծիքը սահուն կերպով փոխվում է 180 աստիճանով։ Սրա հիմնական էությունն այն է, որ այն աշխատում է աննկատ, նույնիսկ թվում է, թե բնականորեն, չնայած, որ այն արհեստականորեն ներդրված է։ Սրանով հնարավոր է օրինականացնել տառացիորեն ամեն ինչ։

Չմոռանանք, որ նման սրբապիղծ արարքներ տեղի են ունեցել այս դեպքից որոշ ժամանակ առաջ տարբեր քաղաքների գերեզմանատներում, ասեմ ավելին, ակունքները գալիս են ավելի հեռվից՝ Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի եղբոր մեքենայից կատարված գողության փաստից։

Այն հասարակության կողմից ընկալվեց՝ որպես հրեշավոր մի բան, սակայն, եթե զանգվածային լրատվամիջոցների միջոցով շարունակաբար այս թեմային անդրադարձ կատարվի, ապա մարդիկ ակամա կհամակերպվեն այս փաստի գոյության հետ։

Ի՞նչ ունեցանք արդյունքում․ որոշ լրատվական կայքեր ջանասիրաբար տարածեցին այս երևույթը, և այն մնաց անպատիժ և անարձագանք։

Դիցուք, եթե մամուլի նման հրապարակումներին հաջորդեր գոնե ոստիկանության համապատասխան արձագանքի և արարքները պատժելու բովանդակությամբ որևէ նյութ, հասարակության մոտ կարծիքի ձևավորումը կլիներ այլ ուղվածությամբ։

Այս գործիքակազմի օգտագործմամբ օրիս ակտիվի նպատակը սրբապղծությունը ընկալելի և սովորական դարձնելու նպատակ ունի։

Մեծապես հույս ունեմ, որ հասարակության՝ մթագնած ուղեղով զանգվածը գերիշխող չի, և երևույթը պատշաճ որակում և գնահատական կստանա՝ պատժվելով օրենքի ամբողջ խստությամբ։