2018 թվականի պահպանության լավագույն ծառայող է ճանաչվել ոստիկանության կապիտան Քրիստինա Բոնդարևան (տեսանյութ)

Քրիստինա Բոնդարևան ոստիկանությունում ծառայում է 2008 թվականից: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ծառայության անցնելով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում՝ շարքայինից հասնել է մինչև կապիտանի կոչման: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ պահպանության վաշտի ոստիկանից մինչև բաժնի ավագ տեսուչ:

Քրիստինա Բոնդարևան իր բարեխիղճ ծառայությամբ ապացուցում է, որ ոչ միայն դժվար չէ լինել կին ոստիկան, այլև հնարավոր է լինել ծառայության մեջ լավագույնը:

Ի դեպ, ստորաբաժանման ղեկավարը նույնպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է: Մի կարևոր հանգամանք, որը չնշել պարզապես չենք կարող: Բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արփինե Թադևոսյանը պահպանության լավագույն տեսուչ է ճանաչվել 2012 թվականին:

Քրիստինա Բոնդարևան աշխատանքային օրվա ընթացքում լինում է պահպանության տակ գտնվող գրեթե բոլոր կառույցներում՝ բժշկական կենտրոն, պետական ու տեղական ինքնակառավարման տարբեր գերատեսչություններ, բանկեր և այլն: Պետական շինությունների գործառույթները տարբեր են, նույնն է պահպանության ստորաբաժանման առաքելությունը՝ պահպանել տարածքի անվտանգությունն ու ապահովել բնականոն աշխատանքը:

Նկարահանման ընթացքում պարզվեց, որ ոստիկանության Գյումրիի պահպանության բաժինը իսկապես լավագույնների բաժին է: Այստեղ է աշխատում նաև 2015 թվականի պահպանության լավագույն ծառայողը՝ վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան Մհեր Չարխիֆալաքյանը:

Կապիտան Բոնդարևան ունի պրոֆեսիոնալ ծառայակից ընկերներ, ղեկավարություն ու ենթականեր: «Լավագույնի կոչումը նաև նրանցն է», — մեզ հետ զրույցում նշեց 2018 թվականի պահպանության լավագույն ծառայողը:.

Այսքանը՝ լավագույնների բաժնի լավագույն ծառայողի մասին: Կարծում ենք՝ դեռ առիթներ կունենանք անդրադառնալու Գյումրիի ոստիկանության լավագույն ծառայողներին: Նրանք այստեղ շատ են: